Հավային ճանաչել է ԼՂՀ անկախությունը։ Ուռա-բռավո-հիացական ծափահարություններ, մինչդեռ իրադարձությունը նույնքան հավայի է, որքան կղզախմբի անունը։ Գործնականում, Հավայան կղզիները կլինեն, թե այլ նահանգներ, և նույնիսկ՝ բոլոր 50 նահանգներն աձառնձին, այդ ամենը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի ոչ միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից, ոչ էլ գործնական ինչ որ նշանակություն ունի՝ բանակցային գործընթացի ու առաջնագծում իրադրության վրա։

 


Ոչ մի գործնական նշանակություն չունի նաև ԱՄՆ ներքին լսարանի վրա, որովհետև նման նորմատիվ ու իրավական ակտերը հետաքրքիր են միայն լոբբիստներին ու թիրախային համայնքներին՝ հայկական ու ադրբեջանական, իսկ շարքային ամերիկացին ոչ միայն թքած ունի այս խլլվլտոցների վրա, այլև 75 տոկոս հավանականությամբ քարտեզի վրա անգամ չի կարողանա ցույց տալ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Արցախը։
Բազմիցս ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ․ մեր որդեգրած ռազմավարությունը ի սկզբանե սխալական է ու բերում է միջոցների ու էներգիայի փոշիացման։ Լինի դա Ցեղասպանության ճանաչում, թե Արցցախի անկախության, միևնույն է, չոր մնացորդում մնում է այն, որ միլիոնավոր դոլարներ ու գնահատման ոչ ենթակա մարդկային ռեսուրսներ են վատնվում հավայի բաների վրա։

 


Լոբբիստական խմբերին սնուցելու փոխարեն, ավելի լավ է ոգեշնչել ամերիկահայությանը ու քարոզչություն իրականացնել նրանց շրջանակներում, ինչպես դա անում է օրինակ Իսրայելը։ Վստահեցնում եմ, ԱՄՆ-ի նույնիսկ բոլոր 50 առանձին նահանգների կողմից Արցախի ճանաչումը ավելի օգտակար չէ, քան ասենք տարեկան 50 ամերիկահայ կամավորների ժամանումը՝ Հայկական բանակում ժամկետային ծառայություն անցնելու համար։
Տեսեք, ոչ ասում եմ փող, ոչ քաղաքական ինչ որ աջակցություն։ Մեզ ամենից շատ պետք են մարդիկ, ընդ որում, ոչ թե «գլխաքանակի» տեսանկյունից, այլ ազգային միասնական ոգի ունենալու, որը փաստացի չունենք։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան