Հայաստանում իրանցիների հավանական ու անհավանական արկածների մասին իմ գրառումը որոշակի արձագանք ստացավ հանրության շրջանում: Մասնավորապես դրան մեծ հոդվածով անդրադարձավ բանաստեղծ ու հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, մի քանի անգամ հղում կատարելով իմ համեստ անձին, ուստի պարտավորված եմ զգում հակիրճ պատասխանել նրան: Անդրադարձի բուն իմաստն էր ժխտել Հայաստանում օտարերկրացիների եւ հատկապես իրանցիների հանդեպ թշնամական վերաբերմունքի մասին տարածվող լուրերը: Հատկապես որեւե նման դեպք չեր կատարվել «Ռեյմա» խանութում:

 

Լավ կլիներ, եթե նման հայտարարությամբ հանդես գար հենց «Ռեյմա» խանութը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ խանութներ, սրճարաններ, հյուրանոցներ, տաքսիստներ, որոնց մասին տարածվում են այսպիսի տեղեկություններ: Սակայն նրանց բոլորի հանրային պաշտպանի դերում հանդես է գալիս բանաստեղծ ու հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, որի անկեղծության ու անշահախնդրության մասին ոչ մի կասկած չկա: Ավելին, բանաստեղծ ու հրապարակախոսը մտահոգված է չստուգված եւ չապացուցված լուրերի' այլ կերպ ասած զրպարտանքի տարածմամբ: Եւ դա լուրջ է: Իսկապես' իրանցիները հայկական դատարան չեն դիմում նման մեղադրանքներով, ուստի եւ չկա նրանց վիրավորելու ու արհամարհելու ոչ մի էական ու իրեղեն ապացույց: Ճիշտ է, էջիս վրա բազմաթիվ արձագանքներից մեկ երրորդի բովանդակությունը այն է, որ «լավ են արել դուրս են վռնդել, դրանց քիչ ա, դրանցից հոտ ա գալիս, դրանք սաղ գող են» եւ այլն: Բայց դա էլ հայոց հասարակության մեջ արմատացած կենցաղային խտրականության եւ այլատյացության ապացույց չի կարող համարվել, քանի որ իրավաբանորեն հաստատված չէ: Ընդհանրապես, մենք ամենահանդուրժող եւ հյուրասեր ազգն ենք, հարցրեք մեր կողքին ապրող եզդիներին, քրդերին, ասորիներին, հարցրեք մեր երկիր այցելող սեւամորթներին ու ասիացիներին, թե ինչպիսի բարեհամբյուր հայացքների ու արտահայտությունների են նրանք հանդիպում մեր փողոցներում:

 

Ես վստահ եմ, որ ի տարբերություն ինձ, ով հավատաց ուրիշների գրառումներին ու հեռուստահաղորդումներին, չբարեհաճելով հարցնել իրողությունը «Ռեյմա» խանութից, ինքը բանաստեղծ ու հրապարակախոս Մարինե Պետրոսյանը անձամբ հարցազրույցներ է վերցրել բազմաթիվ «պարսիկներից» եւ համոզվել, թե ինչ հաճելի տպավորություններ են նրանք ստանում մեր ազատ ու անկախ երկրից: Էլ չեմ ասում, ինչպիսի հանդուրժողականություն է հանդես բերում մեր բազմաչարչար ազգը տարբեր դավադիր «ջհուդների», «տուպոյ» ամերիկացիների ու փչացած «գեյրոպացիների» հանդեպ: Միակ բացառությունն են կազմում մեր մեծ ռուս եղբայրներն ու քույրերը, որոնց որոշ ջղազգված չուզողները կասկածանքով են վերաբերվում: Այ հենց իմ նման թափթփուկների պատճառով է, որ մեր հայրենակիցներին ռուս «սքինհեդները» անվանում են «խաչիկ» կամ «սեւահետույք», ծեծում ու սպանում են: Հենց մեր պատճառով էր այդքան հուզվել ու սթրեսի ենթարկվել Պերմյակովը: Լավ է գոնե Նատաշաներ կան մեր վերքերը խոպանում սփոփելու համար...

 


Բայց ես իսկապես երախտապարտ եմ բանաստեղծ ու հրապարակախոս Մարինե Պետրոսյանի եւ նրա պաշտպանությանն արժանացած առեւտրային որոշ կետերի արձագանքի համար: Քանի որ եթե այս ամենը զրպարտանք է եւ բամբասանք, ապա անհնգստանալու բան չկա: Բոլորս գիտենք թե ինչն է լավ իսկ ինչը վատ: Որովհետեւ ոչ միայն բանաստեղծները, այլ նաեւ ցանկացած նորմալ քաղաքակիրթ մարդ պետք է անհանդուրժող լինի հենց միայն անհանդուրժողության նկատմամբ: Շնորհակալություն:

 

Տիգրան Խզմալյան