Այն որ Թուրքիայի ավտորիտար ղեկավար Էրդողանը ամբողջապես տապալել է իր կառավարման վերջին շրջանը, դա արդեն բոլորի համար աքսիոմատիկ ճշմարտություն է դարձել: Իր բռնկուն բնավորության համաձայն Էրդողանը արեց չմտածված քայլեր, որոնք Թուրքիայի համար անդառնալի հետևանքներ են ունենում: Եթե մինչև ռուսական ինքնաթիռի խոցումը Էրդողանը կարողանում էր հմուտ կերպով մանևրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև և նրանց առճակատումից օգուտներ քաղել, ապա ինքնաթիռի խոցումը արամատապես փոխեց իրերի վիճակը' ամեն ինչ գլխիվայր շրջելով:
Եթե սիրիական թատերաբեմում Թուրքիայի համար դեպքերի անախորժ ընթացքը նրան ստիպեց, Արևմուտքի օժանդակությանը ապավինելով կատարել ռազմական արկածախնդրություն և Ռուսաստանին «մեջքից հարվածել», ապա այժմ էլ Թուրքիայի և անձամբ Էրդողանի դիրքերը խարխլվում են նաև նույն Արևմուտքի հետ հարաբերություններում, և դա ունի իր պատճառները: Այն որ վերջերս Բելգիայի վարչապետը Էրդողանին մեղադրեց Թուրքիայում ավտորիտար վարչակարգ ստեղծելու մեջ, այդ մոտեցումը այսօր կիսում է նաև Թուրքիայի ամենահզոր ռազմական դաշնակիցը, ՆԱՏՕ-ում նրա գործընկերը' Ամերիկայի Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ի նման վերաբերմունքի պատճառներն բազմապիսի են, սկսած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ Թուրքիայի որդեգրած գործելաոճից, մինչև Սիրիայում կռվող քրդերի և Թուրքիայում ընդդիմադիր ուժերի ու մամուլի նկատմամաբ վարած քաղաքականությունը:
Այժմ Թուրքիայի համար ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ նա մնացել է միայնակ (եթե չհաշվենք «Ապշերոնյան խանությունն» ու փախստականների խնդրից դրդված Թուրքիայի կողքին ստիպողաբար կանգնած Եվրամիության ղեկավարությունը):
Խոսքերիս վառ ապացույցը օրերս հնչած հայտարարություններն են: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանն ընդհանրապես պատրաստ չէ թուրքական կողմի հետ որևէ շփման' դրանով փակելով բոլոր այն բաց թեմաները, թե կարող է հաշտեցում տեղի ունենալ:
Դրան հաջորդեց ևս մեկ հայտարարություն, այս անգամ օվկիանոսի մյուս ափից: Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ նախագահ Օբաման որևէ հանդիպում չի ունենա Էրդողանի հետ, ով աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում:
Այս օրերին, թուրքական դիվանագիտությունը բոլոր հնարավոր և անհնար միջոցները բանեցնելով, փորձում է այդ հանդիպումը ի կատար ածել' հարցը դիտարկելով ինքնասիրության տեսանկյունից: Թուրքական կողմը փորձում է այնպես անել, որ եթե Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում Օբաման չհամաձայնի էլ հանդիպել, գոնե Թուրքիայի նախագահի հետ մեկտեղ ներկա գտնվի Մերիլենդ նահանգում թուրքական մզկիթի բացման արարողությանը, որի կառուցման համար Թուրքիան ներդրել է մոտ 100 միլիոն դոլար: Այս դեպքում էլ, սակայն ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, որ այդ ձևաչափով ևս հանդիպում նախատեսված չէ:
Եվ ի՞նչ է ստացվում հիմա: Էրդողանին մեջքով է շրջվում նաև նրա ամենամոտ գործընկերը: Իսկ մերօրյա բևեռացված աշխարհում շատ սակավաթիվ երևույթների նկատմամբ է, որ և՛ ԱՄՆ-ն և՛ Ռուսաստանը միաժամանակ բացասական վերաբերմունք են ունենում: Այդ երևույթներից մեկը միջազգային ահաբեկչությունն է' ի դեմս «Իսլամական պետության»: Իսկ այժմ նմանատիպ կարգավիճակում է հայտնվում նաև Թուրքիայի ղեկավար էլիտան Էրդողանի գլխավորությամբ: Այս պայմաններում կարելի է վստահորեն պնդել, որ եթե աշխարհի հզորներն են բացասական վերաբերմունք ցուցաբերում, ապա «Իսլամական պետություն», Էրդողան և այլ նմանօրինակ «իզգոյ» երևույթների գոյության օրերը մնում է միայն հաշվել:
Հայոց Տուն