Ռուսաստանն ի սկզբանե ձգտել է հակամարտության կարգավորման գործընթացում առանձնահատուկ դերակատարում ունենալ և այդ մոտեցման վառ դրսևորումը եղավ այն, որ 1994 թվականին կողմերի միջև հաստատված և առ այսօր պահպանվող հրադադարի վերաբերյալ եռակողմ (ԱՀ-ՀՀ-ԼՂՀ) համաձայնագիրը կնքվեց բացառապես ռուսական միջնորդական ջանքերի արդյունքում՝ Մինսկի խմբի մնացյալ անդամներն այդ գործընթացների մասին ընդամենը տեղեկացվեցին:
Իսկ հատկապես վերջին երկու-երեք տարիների ընթացքում ռուսաստանյան քաղաքական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները բազմիցս են արտահայտվել հակամարտությունը «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի հիման վրա կարգավորելու օգտին: Ես այն տպավորությունն ունեմ, որ ռուսական կողմը վստահ է, որ եթե Ալիևի համար այս մոտեցումն ընդունելի լինի, ապա այս հարցում հայաստանյան ներկայիս իշխանությունների հետ դժվարություններ չեն առաջանա՝ նրանք կհամաձայնեն հակառակորդին հանձնել բոլոր այն տարածքները, որոնք այսօր համեստորեն կոչում են ԼՂՀ անվտանգության գոտի:
Թեև, գուցե Մոսկվայի համար սա նախընտրելի տարբերակ է ինչ-ինչ կարճաժամկետ խնդիրներ լուծելու և, գուցե, Ադրբեջանում սեփական լայնածավալ ռազմական ներկայությունը վերահաստատելու տեսանկյունից, սակայն կայուն ու երկարաժամկետ խաղաղություն հաստատելու նպատակի հետ փոխկապակցված հայկական արմատական շահերի համատեքստում այս կարգի լուծումը աղետալի հետևանքներ կունենա: Պաշտոնական Երևանը պարտավոր է իր մոսկովյան գործընկերներին հոդաբաշխ այլընտրանք առաջարկել:
Արման Մելիքյան