Վաղը՝ մարտի 27-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է։
Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանն ասել է, որ Զատիկ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում։

 


«Տոնը սկիզբ է առել հրեաների կողմից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի առաջին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը»,-ասել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և հավելել, որ քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։

 


Հոգևոր հովվի խոսքով Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
«Այսօր երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը»,- մանրամասնել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։

 


Անդրադառնալով ներկված հավկիթների ավանդույթներին հոգևոր հովիվը նշել է, որ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ինչպես նաև ցորեն են աճեցնում, որն էլ խորհրդանշում է գարնանամուտը:
«Հայկական ավանդույթում, հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը»:
Հոգևոր հովիվն ուրախությամբ նշել է, որ Արցախի հասարակությունը լիարժեք հետևում է տոնին և այն նշում ըստ պատշաճի:

 

 

Վրեժ Հովսեփյան