Մեր հյուսիսային հարևան Վրաստանի դերն ու նշանակությունը Հայաստանի համար դժվար է գերագնահատել: Այսօր Հայաստան մտնող և դուրս եկող ապրանքաշրջանառության 70 %-ը իրականացվում է Վրաստանի տարածքով՝ գերազանցապես վրացական երկաթգծով և Փոթիի ու Բաթումիի նավահանգիստներով: Մեր ռազմավարական դաշնակից և գլխավոր գործընկեր Ռուսաստանի հետ ցամաքային կապը ևս հնարավոր է Վրաստանի միջոցով (այս կապի խիստ կարևոր նշանակությունը գիտակցելու համար պետք է հիշել տարիներ առաջ տեղի ունեցած ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը և դրան հաջորդող շրջանում Լարսի անցակետի փակումն ու դրա հետևանքները): Վրաստանի տարածքով է անցնում նաև Ռուսաստանից Հայաստան եկող և կենսական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» գազատարը: Պետք է նշել, որ Վրաստանը Հայաստանի համար տարանցիկ երկիր է նաև Թուրքիայի մասով, և հայ-թուրքական փակ սահմանների պայմաններում այն բազմամիլիոն ապրանքաշրջանառությունը, որ կա Հայաստանի և Թուրքիայի միջև իրագործվում է Վրաստանի տարածքով:
Վստահ կարելի է պնդել, որ թուրքա-ադրբեջանական պարտադրված տնտեսական շրջափակման պայմաններում, մեր հարևան Վրաստանը Հայաստանի համար կատարում է արտաքին աշխարհ բացվող երթիկի դեր:
Վերոնշյալ պատճառներից ելնելով' նախկին, ներկա և ապագա հայ քաղաքական գործիչների համար հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների պահպանումը առաջնահերթ և օրակարգային հարց էր, կա և կլինի:
Հայ-վրացական փոխհարաբերություններում լուրջ տեղաշարժեր գրանցեց 2004 թվականին Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունը» և դրա արդյունքում իշխանության եկած Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամանակահատվածը: Վերջինս ամբողջ թափով բացեց վրացական դարպասները թուրքական և ադրբեջանական ներդրումային հոսքերի համար, նոր' չտեսնված բարձր մակարդակի բարձրացրեց տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Իսկ այդ ամենը չէին կարող չանդրադառնալ հայ-վրացական երկկողմ հարաբերությունների վրա:
Սակայն «Երազանք» դաշինքի գլխավորությամբ Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը և նաև վերջին շրջանում հայ և վրաց պաշտոնյաների բավական հաճախակի դարձած փոխայցելությունները թույլ են տալիս մտածել, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները վերաիմաստավորել են իրենց քաղաքականությունը Հայաստանի մասով:
Միայն վերջին երեք-չորս ամսվա կտրավածքով Հայաստան ժամանեցին Վրաստանի առանցքային նախարարների գլխավորած պատվիրակությունները: Դեկտեմբերին Երևանում էր փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, փետրվարին' Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, իսկ օրերս պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն:
Վերջին շրջանում վրացական կողմից նկատվող բարձր մակարդակի այս ակտիվությունը չի կարող պատահական լինել: Վրացական իշխանությունները գիտակցել են այն կարևոր նշանակությունը, որը կարող է ունենալ Հայաստանը Վրաստանի համար:
Թյուրքերի հանդեպ մեծ սիրով լեցուն Սահակաշվիլու ժառանգությունը (վրացական բիզնեսն ու կարևոր նշանակության գրեթե բոլոր օբյեկտների հանձնումը թյուրքերին) և Վրաստանին վտանգավոր խաղի մեջ ներքաշելն ու նրա որոշ հատվածների վրա թյուրքացվելու վտանգ կախելը' ահազանգ հանդիսացան վրացական իշխանությունների համար, որպեսզի դադարեցվի կարճաժամկետ հաջողությունների հեռանկարով արբած Սահակաշվիլու քաղաքական գիծը
Եվ այսօր, երբ Արևմուտքը վերացնում է Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները, և Իրանը վերադառնում է մեծ քաղաքականություն, այս պայմաններում իրանական հսկա շուկան Վրաստանի համար ևս գործելու մեծ հնարավորություններ է ընձեռում: Իսկ այդ գործընթացներում իր մեծ դերն է ստանձնում նաև Հայաստանը, քանզի այս դեպքում էլ Հայաստանն է Վրաստանի և այնուհետև նաև Եվրոպայի համար դառնալու կարևորագույն նշանակություն ունեցող տարանցիկ երկիր:
Այս ամենից կարելի է ենթադրել, որ թյուրքական տնտեսական և քաղաքական էքսպանսիայի ահագնացող վտանգի և «Իրանական գործարքի» փայլուն հեռանկարի գիտակցումով է Վրաստանն այսօր ակտիվացնում իր արտաքին քաղաքականություն հարավային ուղղությունը:
Հայոց Տուն