Մի կարևոր նրբություն կա, որը չնկատելու արդյունքում սխալ վերաբերմունք ենք ունենում կրթության նկատմամբ
Հիմա շատ է տարածված այն միտքը, որ դպրոցում և բուհում ստացվող գիտելիքը պետք է լինի կիրառելի, իսկ եթե այպիսին չէ՝ պետք չէ դրա վրա ժամանակ ծախսել: Սա իրականում ամերիկան պրագմատիզմի՝ օգտապաշտության, գաղափարախոսության շրջանակներում ձևավորված մոտեցում է, որը դեռ պետք է քննվի, մտածվի, նոր՝ ընդունվի կամ մերժվի: Ամերիկյան կրթական համակարգը վաղուց որդեգրել է այդ սկզբունքը և հիմա տարածում է այն այլ երկրների կրթական համակարգերում:

 


Բայց պետք է հասկանալ, որ միայն այս պահին կիրառելի գիտելիք ունեցող մարդիկ մտածողից վերածվում են գործողի, ընդորում՝ հաճախ առանց մտածելու գործողի: Դրա օրինակներ արդեն կան. իրավաբաններին, օրինակ, չի մտահոգում այն հարցը, որ «իրավունքը» մի բան է, որից դու կարող ես օգտվել և կարող են չօգտվել, և երբ դեռ չծնված երեխային տալիս են սեփականություն ժառանգելու իրավունք, բացարձակապես չեն մտածում, որ պտուղը չի կարող հրաժարվել այդ իրավունքից, և դրանով աղավաղվում է «իրավունք» կոչվածի ողջ էությունը: Կամ երբ հասարակության ու պետության օգուտի տեսակետից բուհերում սովորելու ընթացքում տղաներին տանում են զինծառայության, և չես կարող նման որոշում կայացնող մարդկանց բացատրել, որ կրթությունը չպետք է ընդհատվի, որ կրթությունը հղիության նման է՝ պետք է լինի անընդհատ, որ վերջում արդյունք տա: Բայց չէ, արի ու տես, որ «ճիշտ է այն, ինչ պրակտիկ է» սկզբունքով ապրող ու մտածող երկրում հենց այդպես ապրելու և մտածելու արդյունքում լիքը բան սխալ է գնում:

 


Իրականում չկա ոչ-պրակտիկ, ոչ-կիրառելի գիտելիք, ես դա ասում եմ որպես փիլիսոփայական գրականություն մի քիչ կարդացած մարդ: Եթե ես կարողանում եմ կիրառել փիլիսոփայական գիտելիքը, որը շատերի կողմից սխալմամբ ընկալվում է որպես վերացական, ապա մյուս բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ պետք է կիրառեն իրենց սովորածը ավելի հեշտ:
Հ.Գ. Մեկ էլ պետք չէ խառնել չկիրառելի և չպահանջված գիտելիքը: Հայաստանում շատ քիչ մասնագիտություններ են պահանջված, դա չի նշանակում, որ մյուս բոլոր մասնագիտությունները կիրառելի չեն:

 

Մովսես Դեմիրճյան