Ահաբեկչության սաստկացման և մասնավորապես թուրք-քրդական բախումների ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելույթներում մշտապես երախտագիտություն է հայտնում թուրք մայրերին, որոնք հայրենասեր քաղաքացիներ են դաստիարակում՝ կոչ անելով իրենց որդիներին «կա´մ հերոս դառնալ, կա´մ զոհվել հանուն հայրենիքի»։
Այս կոչը իր նախապատմությունն ունի։ Չանաքքալեի ճակատամարտի օրերին թուրք սպաներից մեկը զրուցում է ճակատ տեղափոխվել պատրաստվող նորակոչիկների հետ։ Սպայի ուշադրությունը գրավում է նորակոչիկներից մեկը, որի մազերը ներկված են լինում հինայով (хна)։ Սպան հարցնում է երիտասարդին, թե ինչու են մազերը ներկված։ Հարցին ի պատասխան նորակոչիկն ասում է, որ ռազմաճակատ մեկնելիս մայրն է ներկել իր մազերը և ինքը չգիտի պատճառը։
Այդ դեպքից հետո ներկված մազերով նորակոչիկին սկսում են դիմել Հինայով Հասան, երբեմն կատակում են, ծաղրում, ինչը դուր չի գալիս Հասանին։ Օրերից մի օր երիտասարդը խնդրում է ընկերներից մեկին, որպեսզի իր անունից նամակ գրի մորը (Հասանը տառաճանաչ չէր) որտեղ Հասանը խնդրում էր պատերազմ զորակոչվելիս չներկել իր կրտսեր եղբոր՝ Ահմեդի մազերը, որպեսզի նրան էլ չծաղրեն ծառայակիցները։ Որոշ ժամանակ անց, երբ Հասանը արդեն մասնակցում էր մարտերին, գալիս է պատասխան նամակը,որտեղ մայրը բացատրում է իր արարքը. «Մեր գյուղում (Թոքաթի Զիլե շրջան) հինայով ներկում են երեք բան՝ 1. ամուսնացող աղջկան, որպեսզի գնա և նվիրվի իր նորաստեղծ ընտանիքին և երեխաներին, 2. մատաղացու գառին՝ որպեսզի զոհը ընդունելի լինի Ալլահի համար 3. բանակ զորակոչվող մեր քաջերին, որպեսզի զոհվեն հանուն հայրեինիքի։ Ես էլ, քեզ եմ նվիրաբերել հայրենիքին»։
Էրդողանի ելույթներում ավելի հաճախ հանդիպող «կա´մ հերոս դառնալ, կա´մ զոհվել հանուն հայրենիքի» արտահայտությունը հավաստում է, որ ներկայիս Թուրքիայի համար քրդերի դեմ պայքարը նույն հարթությունում է ինչ 20-րդ դարասկզբում թուրքերի համար առանցքային նշանակություն ունեցող Չանաքքալեի ճակատամարտը և Թուրիայում բնակվող ու այդ երկրի քաղաքացի քրդերն էլ ընկալվում են ճիշտ նույն կերպ, ինչպես ընկալվում էր արտաքին թշնամին Չանաքքալեի ճակատամարտի ժամանակ։
Հայկ Դարբինյան