2018թ.-ից հետո Հայաստանին նախագահ այնքան էլ պետք չի լինելու: Դե հայտնի է պատճառը' խորհրդարանական հանրապետություն ենք դառնալու, ուր նախագահի լիազորությունները գերազանցապես ձևական բնույթ են կրելու: Ըստ սահմանադրության' նախագահը կարևոր հարցերում անելու է այն, ինչ առաջարկի վարչապետը:
Պատկերացրեք, թե որքան է օպտիմալացվում կառավարումը, որքան գործնական օգտակարության տեսանկյունից անիմաստ պետական մանր-մունր կառույցներ ու հաստիքներ կարող են կրճատվել կամ միաձուլվել: Դժվար է անգամ պատկերացնել, թե այս 20 տարվա ընթացքում այդքան մեծ կարևորություն տրված նախագահի ինստիտուտի դերը որքան է զրոյացվելու ընդամենը երկու տարի հետո:
Պարզվում է, փաստորեն, որ առանց նախագահի էլ հնարավոր է
«յոլա գնալ»: Այդ առումով հարց է առաջանում: Օրինակ, Հայաստանը կարո՞ղ է «յոլա գնալ» առանց սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների:
Այդ ոլորտներում որևէ լուրջ առաջընթաց գոյություն չունի ու շատ դեպքերում անհասկանալի է նույնիսկ նրանց անվանումները: Իհարկե, այնպես չէ, որ մնացած նախարարությունները կառավարության նախանշած առաջընթացն ապահովում են, բայց դե նրանց գոյությունը հասկանալի է:
Ուստի եթե գնում ենք օպտիմալացման, ծախսերի կրճատման, արդյունավետ կառավարման, ապա չարժե՞ արդյոք այդ հարցում գնալ մինչև վերջ: Խնայված միջոցներն էլ կարելի է ուղղել մասնավորին' աջակցության տեսքով, որն ավելի լավ կարող է համապատասխան ոլորտներում հաջողություններ գրանցել:
Կասեն, թե եղածները ախր աշխատատեղեր են ապահովում, բլա բլա բլա: Իհարկե, 100 հազար դրամանոց աշխատատեղերը կրկին «յոլա գնալու» տրամաբանությամբ գուցե կարևոր են, բայց այդպես մինչև ե՞րբ կարելի է «յոլա գնալ»:
Տիգրան Խաչատրյան