Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ներկայացրել է վարչապետի հանձնարարականով դեղերի մանրածախ վաճառքի վերաբերյալ անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները: Նա նշել է. «Արդյունքում պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016թ. մարտ ամսին 2015թ. դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1,4 տոկոսով, ընդ որում' դրանցից 47 անվանում դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4 տոկոսով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3 տոկոսով»:
Այնուհետեւ նախարարը անդրադարձել է «Դեղերի մասին» նոր օրենքի նախագշին, նշելով, որ այն էականորեն բարելավվել է և ընդունման դեպքում կկարգավորի դեղի շրջանառության ողջ շղթան՝ սկսած դեղ ստեղծելուց, պահեստավորումից, տեղափոխումից մինչև սպառողին հասնելը: ըստ Արմեն Մուրադյանի, գների կարգավորման միջոցով կապահովվի փոխհատուցվող դեղերի գների կանխատեսելիությունը, դեղատոմսերի ներդրմամբ կնվազի ինքնաբուժությունը և դրա բացասական հետևանքները, զուգահեռ ներմուծմամբ կխթանվի դեղերի գների նվազումը, կներդրվի հետգրանցումային դիտարկումների և կողմնակի ազդեցությունների մոնիթորինգի գործուն համակարգ:
Խնդրին անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ասելով, որ դեղերի մոտ 65 տոկոսը ներկրում է 4 կազմակերպություն, և որպեսզի դիրքի չարաշահում ընդհանրապես չլինի, առաջարկել է պատկան մարմիններին հետևողական լինել այդ հարցում:
Անահիտ Գրիգորյան