Քիմ Քարդաշյանը շարունակում է մնալ Instagram-ի օգտատերերի թոփ հնգյակում հետևորդների թվով: Այս պահին զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, մոտավորապես 64 միլիոն հետևորդով: Ի դեպ 3-րդ տեղում գտնվող Թեյլոր Սվիֆթին զիջում է մոտ 5 միլիոն հետևորդով (մոտավորապես 69 միլիոն):
Հիմա, երբ բոլորի ուշադրությունը գրավեցի, ուզում եմ մի երկու տող գրել Instagram-ի մասին: 2015-ի վերջում սոցկայքն ուներ 400 միլիոն հետևորդ: Հասկանալու համար, թե ինչ արագությամբ է այն զարգանում, նշեմ, որ 2014-ին ունեցել է 300 միլիոն, 2013-ին սեպտեմբերի դրությամբ 150 միլիոն հետևորդ և այլն: Իսկ 2010-ի հոկտեմբերի տվյալներով առաջին անգամ Instagram-ը հաղթահարել է 100 հազարի շեմը:
Ասեմ ձեզ, որ Instagram-ը և Facebook-ը մինչև 35 տարեկան օգտատերերի տոկոսային հարաբերակցությամբ, գրեթե հավասար են: Instagram-ում դրանց թիվը կազմում է 90%, իսկ Facebook-ում 91%: Սրանք 2015 թվականի տվյալներ են:
Այսպիսի մի հետաքրքիր ցուցանիշ էլ կա, որ վարորդների 27%-ը հաստատում են, որ վարելու ժամանակ, ստուգում են իրենց ֆեյսբուքյան հաշիվները: Այ երբ նայում ես, թե վթարների քանի տոկոսի «մեղավորներն» են եղել սմարթֆոններն ու սոցկայքերը, ուզում ես այդ 27%-ի մասին ասես' «լավ մարդ էր»:
Ինչևէ... 2013-ի հունվարին Instagram-ը հնարավորություն է տվել իր օգտատերերին առաջին անգամ 15 վայրկյանանոց տեսանյութեր տեղադրել: Դրանք թե՛ Facebook-ում, և թե՛ Instagram-ում ավտոմատ միանում էին երբ օգտատիրոջ նյուզֆիդում հանկարծ հայտնվում էր ինչ որ տեսահոլովակ: 2014-ին հարցումներ էր անցկացվել ու պարզվել էր, որ ՖԲ-ի և Instagram-ի օգտատերերի 53%-ը տանել չի կարողանում տեսանյութերի autoplay ասվածը: Ընդամենը 15%-ն էր հավանում սա:
Ինչու այսքան երկար բարակ գրեցի....Չնայած նրան, որ օգտատերերի քանակով այս երկու սոցկայքերն «ապրում են» տարբեր հարկերում, մի բան հստակ էր, որ տարիքային խմբերի տոկոսային ցուցանիշիով նրանք նման են: Երկուսի մոտ էլ գերակշռում են մինչև 35 տարեկանները: Բացի սա, ֆեյսբուքը վերջին շրջանում հիմնական ուղղությունը, որ զարգացնում է տեսանյութերն են... օր օրի կատարելագործվում է, սակայն 2014 թվականին առաջին անգամ երևացել է, որ Instagram-ում տեսանյութերի փոփոխություններին ավելի արագ են արձագանքել, քան ֆեյսբուքում (դրա մասին խոսում են հարցումները): Վերջերս էլ խոսակցություններ էին պտտվում, որ Instagram-ում դրվելու են հաշվիչներ, որոնք ցույց են տալու, թե որքան դիտում ունի տվյալ տեսանյութը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Instagram-ն աշխատում է պարզ ու առանց որևէ գիտաֆանտաստիկ ալգորիթմների, կարելի է ասել, որ ամսական դիտումների քանակով անցնելու է ֆեյսբուքին:
Սա էլ մյուս կողմից: Շատ բրենդներ իրենց արտադրանքի մասին գովազդները, կամ պաշտոնական էջերը տեղափոխել են Instagram ու վաղուց «օդնոկլասնիկի» աչքով են նայում ֆեյսբուքին: Պատճառը բացի բարդ ալգորիթմից այն է, որ մարդը ցանկացած բան վիզուալ ավելի լավ է ընկալում, քան տառերով ու երկար բարակ ճառերով: Իհարկե, ֆեյսբուքը հնարավորություն է տալիս նաև լուսանկարներ ներբեռնել, բայց ինչու՞ թողնել հատուկ լուսանկարների համար նախատեսված հարթակն ու սպառողին «ստիպել» «տառերի մեջ փնտրել նկարներ»:
Եվ այս ամենը ամփոփելով, կարելի է հստակ ասել, որ կարճ ժամանակ անց, երբ Instagram-ը ավելի կկատարելագործի իր կողմից առաջարկվող ծառայություններն ու կդառնա հարմար այլընտրանք, շատ ու շատ բրենդային կազմակերպություններ կտեղափոխվեն այնտեղ: Հասարակ բան, եթե քո գովազդային հոլովակն ավելի շատ մարդ է դիտելու քան մյուս հարթակում, դու նախընտրելու ես իհարկե լավագույն տարբերակը: Բացի դա, Instagram-ի հետևորդների քանակը բավականին արագ է աճում, կանխատեսվում է, որ 2018-ին Instagram-ի օգտատերերի թիվը կհատի 1 միլիարդը:
Ռուբեն Խաչատրյան