Այսօր տեղեկացա, որ ազգիս որոշակի վեհ հատվածը խիստ դժգոհ է պարսից զբոսաշրջիկներից:
Դե, պարսից զբոսաշրջիկը, մեծամասամբ, մեղմ ասած, Վինեննայի Պետական Օպերայի երկրպագուներից տարբեր է, բայց, դե, նույն մեղմասացությամբ էլ հայոց «Փարվանա» ռեստորանային համալիրում «Ժիզել» չի բեմադրվում, որպեսզի հրապուրի վեհ արվեստի եվրոպացի սիրահարին, որը «չգիտես ինչու» Հայաստան չի էլ գալիս, այլ գնում է հենց Վիեննա:

 


Մինչդեռ պարսից, ասենք այսպես, ոչ այնքան վեհ զբոսաշրջիկը կոնկրետ գումար է ապահովում օրվա հանապազօրյա հացը հոգացող մեղրեցի տաքսու վարորդից մինչև ուսման վարձը մուծելու դժվարություն ունեցող և թարգմանությամբ զբաղվող ուսանողի կամ կեղծ ֆրանսիական օծանելիք վաճառող խանութի աշխատակցուհու համար:

 


Այնպես որ՝ «խնդիրն» արմատապես լուծելու համար կա միայն մի ուղի՝ դեպի Հայաստան գրավել բացառապես օպերայի սիրահարներին, «Փարվանայում» մտցնել եվրոպական թանկարժեք ռեստորանին բնորոշ սպասարկման համակարգ, բացել Փարիզից ավելի բարձրորակ ֆրանսիական օծանելիքի խանութներ, պարսկերեն խոսող ուսանողներին սովորեցնել հին բարձր գերմաներեն և կտրուկ փոխել «ողբերգական» իրավիճակը:

 


Իսկ մինչ այդ միգուցե ավելի լավ է մտածել թեթև մեքենա ձեռքբերելու մասին՝ բարեկիրթ տաքսիստի աշխատանքը շատ գնահատելի կարող է լինել: Միայն, Աստված մի արասցե, վեհության նման բռնկումների պահին հանդիպեք անգլիացի հարբած զբոսաշրջիկների, որոնց ֆոնին ալկոհոլի պարսից ամենամոլի սիրահարը ոչ թե «փիղ վարող», այլ ուղղակի հրեշտակ կթվա :)

 

 

Վարդան Ոսկանյան