ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջով ՀՀ կառավարությունը փոփոխում է իր 2010թ. մարտի 11-ի համապատասխան որոշումը' թարմացնելով և նոր տարրերով համալրելով մեր երկրի հայտերում ներկայացված տեղեկույթը: Այժմ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում են «Սասնա ծռեր» էպոսը, որի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են' Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Վան, Մանազկերտ, Ալաշկերտ և այլն, «Քոչարի» և «Յարխուշտա» ժողովրդական պարերը, Սուրբ Սարգսի տոնը, «Տրընդեզը», «Վարդավառը», Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի Սուրբ Թևատորոս և Քասախ գյուղի Թուխ Մանուկ պաշտամունքները, «Կռունկ» և «Գացեք տեսեք» ժողովրդական երգերը, ընդհանուր առմամբ 24 ոչ նյութական մշակութային արժեք:

 


ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այս հարցից զատ վաղվա նիստում ներկայացնելու է երիտասարդ ջութակահար Էմանուել Լորիսի Ճգնավորյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու որոշման նախագիծը: 1995թ. ծնված երիտասարդ կատարողը միջազգային ասպարեզում մշակութային բուռն գործունեություն է ծավալել' ցուցաբերելով բացառիկ ընդունակություն: Արդեն իսկ ակնհայտ է, որ Է. Ճգնավորյանը լարային գործիքների հայ կատարողական դպրոցի վառ ներկայացուցիչներից է: Նա իր առաջին պետական համերգով հանդես է եկել 7 տարեկան հասակում, իսկ 2 տարի անց արժանացել «Վլադիմիր Սպիվակով» հիմնադրամի կրթաթոշակին:

 


Էմանուելը համերգներով հանդես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում և կոնսերվատորիայի մեծ դահլիճում: 2011 թվականից նա ուսանել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում: Է. Ճգնավորյանը միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների հաղթող է, համերգ է ունեցել Լեհաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլուր: Այսօր նա սպասված երաժիշտ-կատարող է ամենուրեք' թե հայրենիքում և թե միջազգային ասպարեզում, ջութակահար, ում ելույթները զարդարում են միջազգային հեղինակավոր փառատոների և համերգների ծրագրերը:
Է. Ճգնավորյանին զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու դեպքում նա մտադիր է շարունակել իր մշակութային գործունեությունը, կատարելագործել մասնագիտական վարպետությունը և հայկական մշակույթը ներկայացնել Հայաստանում և արտերկրում:

 

 

Հայկ Համբարձումյան