«Հենց նոր ԱԱԾ տնօրենին ուղարկեցի հետեւյալ գրությունը.

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության

 

տնօրեն Գեորգի Կուտոյանին.

 

Պարոն Կուտոյան.

 

Ս/թ. մարտի 21-ին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի անունից հայտարարություն է տարածվել որին կցված է նաեւ youtube սոցիալական ցանցի հղում, որտեղ տեղադրված է եղել 01.52 րոպեանոց մի տեսանյութ:

 

Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք ս/թ մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետեւել են ինձ, գաղտնի տեսանկարահանել, ինչը առերեւույթ պարունակում է օպերատիվ-հետախուզական գործունեության հատկանիշներ:

 

Հաշվի առնելով, որ՝

 

- «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի երրորդ կետը արգելվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից,

 

- Տեսանյութը ստորագրված չէ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու լիազորություն ունեցող որեւէ պետական մարմնի կողմից,

 

- Տեսանյութը առերեւույթ կարող է պարունակել ՀՀ բարձրաստիճան անձ հանդիսացող անձի՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանցագործություն նախապատրաստելու ապացույցներ,

 

- Տեսանյութը առերեւույթ կարող է պարունակել Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտնեական լիազորություններն անցնելու հատկանիշներ՝
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ը) կետի, 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն ակնկալում եմ ստանալ հետեւյալ հարցերի պատասխանը.

 

1. Ովքե՞ր են հետեւել ինձ եւ ինչու՞ են դա արել գաղտնի:

 

2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք:

 

3. Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը:

 

4. Արդյո՞ք Հրազդանում, կամ Երեւանում իմ տեղաշարժերին հետեւում են, եթե այո՝ ովքե՞ր են հետեւող անձինք, ու՞մ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում:

 

Ակնկալում եմ, որ սույն գրությունը համարեք նաեւ հաղորդում հանցագործության մասին: Կից ներկայացնում են նաեւ խնդրո առարկա տեսանյութը՝ CD սկավառակի վրա:

 

Կանխավ շնորհակալություն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
(114)»

 


Նիկոլ Փաշինյան