Տարիներ առաջ Ֆրանսիան մեզ մեծ նվեր արեց՝ Հայաստանին հանձնեց Օգյուստ Ռոդենի քանդակներից մեկը: Մերոնք էլ ի նշան երախտագիտության վերցրեցին ու դա տեղադրեցին Երևանի կենտրոնում: Հիմա վաղամեռիկ նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը մոլորված ու անիմաստ կանգնել է ճանապարհների խաչմերուկում, և ամեն անգամ, երբ անցնում եմ արձանի կողքով, միևնույն զգացողությունն եմ ունենում. «Ի՞նչ է անում այս խեղճ ֆրանսիացին իմ քաղաքի սրտում»: Մարդն իր կենդանության օրոք երևի նույնիսկ Հայաստանի ու Երևանի տեղն էլ չի իմացել, իսկ հիմա տեսեք, թե ճակատագիրն ինչ չար կատակ է խաղացել նրա հետ:

 


Լավ, հասկացանք, ժամանակին չափից ավելի ոգևորվել ու սխալ են թույլ տվել: Բայց հիմա գոնե կարելի է ուղղել սխալը, չէ՞: Ռոդենի քանդակի տեղը ազգային պատկերասրահում է: Կարելի է տեղադրել մի հարմար անկյունում, մարդիկ էլ վերջապես հնարավորություն կունենան մոտիկից դիտելու և գնահատելու մեծ քանդակագործի արվեստն ու վարպետությունը:

Հ. Չարխչյան