ԽՈՀԵՐ ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ 2-ԻՑ
Հանրապետականի կուսակցական նոր նախաձեռնությունները հանգիստ չեն տալիս շատերին: Այսօր էլ Պետրոս Ղազարյանն է անդրադարձել իմ հերթական հարցազրույցին, հարցականի տակ դնելով ՀՀԿ-ի՝ փոփոխությունների գնալու հնարավորությունները և հաստատակամությունը: Շնորհակալ եմ, իհարկե, ուշադրության համար, ինքս էլ ուշադրության կարժանացնեմ թերահավատներին:
Եվ այսպես,
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ
Մենք եղել ենք Հայաստանի նորագույն պատմության բոլոր շրջադարձային կիզակետերում՝ դիսիդենտական շարժում, Անկախության համար պայքար, Արցախյան գոյամարտ, երիտասարդ պետության կայացում, տնտեսության ազատականացում, պետական ինստիտուտների ստեղծման և ամրապնդման գործընթաց, բանակաշինություն: Հետևաբար, մենք կմնանք նաև ապագայում՝ ավելի ժողովրդավար երկիր կառուցելու, ազգային ինքնությունը պահպանելու, Հայաստանի և Արցախի անձեռնմխելիությունը երաշխավորելու, սեփական ճակատագիրը սեփական երկրում կերտելու Հայի առաքելությունը իրականացնելու համար:
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ
Ինչպես իմաստունն է նայում իրականությանը մշտնջենականության և ազնվության դիտակետերից, այնպես էլ մենք, հավատալով Հայկական բարձրավանդակում Հայի հայրենատիրությանն ու հավերժությանը, սովորելով թե սեփական, թե այլոց սխալների վրա, բաց պլատֆորմ ենք, որը կարող է կրկին ստանձնել երկրի համակարգային փոփոխությունների պատասխանատվությունը, կայուն արժեհամակարգով, բայց դինամիկ և ճկուն ախշատակերպով առաջարկել և առաջ տանել երկրի զարգացման նոր հեռանկարներ: Սեփական խնդիրների ընդունումը տալիս է ժողովրդին ներկայանալու հենց այն բարոյական ուժը, որը ծնել և ծնելու է իրավունք 2017 թվականից հետո էլ իրակացնելու մեր երկրի UPGRADE-ը:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ
Իրականում, մենք շատ տարբեր ենք: Ազատամարտիկ և գիտնական, մշակ և արվեստագետ, ուսանող և թոշակառու, մտավորական և գործազուրկ: Եվ մենք ենք տարբեր, և մերոնք են տարբեր: Օտար լեզուներից մինչև բարբառախոս, փողկապավոր և ջինսասեր, հավասարակշիռ և բռնկուն, սիրալիր և ոչ այնքան: Բայց մենք բոլորս սիրում ենք այն, ինչը տրվել է ի վերուստ, բայց փայփայելը և պաշտպանելը վերապահված է բոլոր հայերին՝ մենք սիրում ենք Հայաստանը, այն մեծ Հայաստանը, որից սերվել ենք, որին երդվել ենք, որի մասին երազում ենք: Եվ այդ մեծ Հայաստանը սկսվում է այսօր Հայաստանի և Արցախի Հանրապետություններից:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ
Երկնային դատավորը չի ճանաչում քաղաքականություն, իսկ մեր երկրայինները հաճախ ուրիշ բան չեն էլ տեսնում: Ոչինչ, երբ մենք շարժվենք, մեզ հետ միասին կշարժենք նաև անշարժներին:
Հ.Գ. Ինչ վերաբերվում է իմ կողմից շատ հարգված Պետրոս Ղազարյանի մանրապատումներին, ես գիտեմ հեղինակին որպես փոփոխություններին ու դրանց իրականացմանն ունակ ուժերին սատարող մարդու անկախ ամեն ինչից: Իհարկե, հիմա նա կարող է և չնկատել, թե ինչ ուղղությամբ է գնում արդիականության մեյնստրիմը, բայց վաղը հաստատ չի կարողանալու չտեսնել, ու ես միշտ պատրաստ կլինեմ երաշխավորել նրա միացումը գործ անողների ու առաջ տանողների խմբին՝ Հանրապետականին:
Արմեն Աշոտյան