2016թ. մարտի 17-ին, ժամը 15:00-ին Վեդի քաղաքի Խաչիկ Սողոմոնյանի անվան N2 հիմնական դպրոցում, VԱ դասարանի մասնակցությամբ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված մերօրյա անմահ հերոս Արտակ Վաղարշակի Սարգսյանին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Զինկոմիսարիատի նախազորակոչային բաժանմունքի պետ' մայոր Վահե Աղալարյանը, տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալ' գնդապետ Վանիկ Մինասյանը, «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի էքսկուրսավար' լեյտենանտ Լիլիթ Մինասյանը, Արարատի զինկոմիսար Գրիգոր Սայադյանը, Վեդու զորամասի հրամանատար փոխգնդապետ' պարոն Խաչատրյանը, Արարատի փոխմարզպետ' պարոն Շադյանը, Վեդու փոխքաղաքապետ' պարոն Սարոյանը, Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու Հոգևոր հովիվ և դպրոցի լավագուն բարեկամ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, մանկավարժներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, Արտակ Սարգսյանի ծնողները, հարազատները և դասընկերները:
Դպրոցի տնօրեն' տիկին Ն. Անդրեասյանը բարձր մակարդակով ընդունեց հյուրերին, ընդառաջեց նրանց հերոսների անմահ հիշատակը հավերժացնող հուշանկյան մոտ, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված մարտիկներին: Այնտեղից տեղափոխվեցին VԱ դասարանի դասասենյակ, որը պետք է անվանակոչվեր Արտակ Սարգսյանի անվամբ: Դասարանի բացման և կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց հերոսի մայրիկին' տիկին Անահիտին:
Դահլիճում միջոցառման համերգային մասը սկսեցին Տեր Հոր օրհնությամբ և տերունական աղոթքով, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների անմահ հիշատակը:
Միջոցառումը հուզել էր բոլորին: Բոլորը հուզված էին: Բոլորին մեկ ցավ էր կապել:
Միջոցառման համերգային մասը ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարարության սպայի տան զորական անսամբլի ելույթով, գեղարվեստական ղեկավար' Արամ Գալստյան:
Հյուրերը իրենց սրտի խոսքը ուղղեցին որդեկորույս Անահիտ մայրիկին, մխիթարելով և սփոփելով նրա սրտի ցավը:
Հավարտ միջոցառման Տեր Հայրը եկեղեցու և երիտասարդաց միության անունից միջոցառման մասնակից երեխաներին նվիրեց աղոթագրքեր և օրհնված խաչեր, իսկ զինվորի մայրիկին, դասղեկին և դպրոցի տնօրենին փոքրիկ հուշանվերներ:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արտակ Սարգսյանը ծնվել 1993թ. հուլիսի 27-ին Վեդի քաղաքում: Սովորել է Վեդու թիվ 2 հիմնական դպրոցում: Գեղեցկադեմ էր, բարի, ընկերասեր: Շատ է սիրել մաթեմատիկա առարկան: Հաճախ մասնակցել է մաթեմատիկական մրցույթների, և ստացել պատվոգրեր: Անհագ հետաքրքրություն ուներ հայոց պատմության նկատմամբ: Չէր սիրում ստախոսներին և վախկոտներին: Արտակը ստիպված է լինում թողնել ուսումը և աշակերտական նստարանին դեռ լիարժեք հրաժեշտ չտված ուսերին առնել հոր' ոստիկանության նախկին ծառայող Վաղարշակ Սարգսյանի բուժման հոգսը: Շատ էր սիրում կյանքը, բայց կյանքից շատ սիրում էր իր հայրենիքը: 2015թ.-ի հունվարի 23-ին թեժ պայքարի ընթացքում փոխհրաձգության ժամանակ Արտակը ընկերոջ կյանքը փրկելով արիաբար զոհվում է:
Հավերժ փառք քեզ հերոս, որ քո կյանքը զոհեցիր հանուն մեր խաղաղ առավոտների:
Սիրարփի Մարգարյան