Սեր և ընտանիք ամենակարևորը և ամենաբարդը....
Սերը,հավանաբար,մարդկային զգացմունքներից ամենաառեղծվածային ու ամենաերկակին է:Սերը քաղց է մարդու հանդեպ,հոգու և մարմնի ամենասուր քաղցը թերևս,և որքան ուժգին է այն,այնքան ավելի մեծ տեղ է գրավում սիրեցյալը նրա հոգում:Սիրել,նշանակում է հաճույք զգալ,երբ դու տեսնում,բոլոր զգայարաններով ու հնարավորին չափ մոտ տարածությունից նկատում,զգում ես այն էակին,որին սիրում ես դու,և որը սիրում է քեզ:Այսպես է ասել սիրո մասին Ստենդալը.

 

«Սերը զգացմունքներից ամենավաղորդյանն է»:Եվ դ ա շատ բանով ճիշտ է,սերն ասես բոլոր զգացմունքների տոնն է,միաձուլվելու,որքան կարելի է ողջ էությամբ սիրեցյալին մոտ լինելու ամենաուժգին ձգտումը:Բայց սերը նաև զգացմունքների առօրյան է,և այն ունի ոչ միայն վաղորդյան թարմություն,այլև երեկոյի խոնջանք:Եվ դա մի զգացմունք է,որն սկզբից մինչև վերջ բաղկացած է հակադրություններից ու հակասություններից,ինչպես կրակն ունի տաքացնելու և այրելու հատկություն,այնպես էլ սերն ունի իր տապն ու իր այրուցքները:

 


Սերն ասես վերնաշենք է՝ կառուցված մեր բոլոր խոր կարիքների ու զգայությունների,մեր հոգու և մարմնի բոլոր ամենանախնական պահանջմունքների վրա:Դա մարդկային բոլոր՝ մարմնական և հոգեկան,ենթագիտակցական և գիտակցական,տեսանելի և կույր ուժերի առավել խորացած,ամենաթանձր համաձուլվածքն է:

 


Եվ այն ոչ թե սոսկ հատուկ զգացմունք է մյուս զգացմունքների մեջ,այն նաև մարդու մյուս բոլոր զգացմունքների հատուկ տրամադրվածությունն է,մեր ողջ օրգանիզմի հատուկ վիճակը. սերը բոլոր զգացմունքների անմարելի ոգեշնչվածությունն է,դրանց տևական շիկացումը,հոգու և մարմնի յուրատեսակ չընդմիջվող հափշտակվածությունը:

 

 

Սիրարփի Մարգարյան