Վարդան Օսկանյանը կուսակցություն է ստեղծում և որպես առաջնային պատճառ՝ նշում է, որ պետության համար կարևոր է իր 25-ամյա քաղաքական փորձառությունը, այդ թվում՝ վերջին 8 տարիների ներքաղաքական գործընթացներում ընդգրկվածությունը:
Սա բավականին անհեթեթ «պատճառաբանություն է»: Վարդան Օսկանյանի «քաղաքական փորձառության» գլխավոր արգասիքը բառի բուն իմաստով այն կոտրված տաշտակն է, այն ցայտնոտը, որի առջև կանգնած է Հայաստանի երբեմնի ԱԳ նախարարը: Երբ 10 տարի արտաքին գերատեսչությունում վարչության պետ և նախարարի տեղակալ ես աշխատում, 10 տարի էլ՝ նախարար, այնուհետև նետվում ես ներքաղաքական դաշտ, պետական գործչից վերածվելով սովորական ամբոխավար ընդդիմադիրի, անդամակցում ես մի ուժի, որն, ի վերջո, տապալվում է մինչև վերջին խազը, ուրեմն պետք է տուն գնաս, Վ. Օսկանյանի դեպում՝ համալսարան, դասախոսելու(սրանից պատվաբեր բան չկա)…
25 տարվա «քաղաքական փորձառության» գագաթնակետն այն է, որ Վ. Օսկանյանն ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԼՈՐ 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ(!!!) որոշում է նոր կուսակցություն ստեղծել, որի ոչ անունն է մտածել, որ գաղափարախոսական հենքը, ոչ թիմի անդամներին, ոչ էլ՝ քաղաքական ծրագիրը: Թե ի՞նչ է լինելու 2017-ի ապրիլի կեսերին, մեծ խելք պետք չէ հասկանալու համար. 1 տարվա կուսակցապետը բողոքելու է ընտրակեղծիքներից ու ռեպրեսիաներից՝ հերթական անգամ հասարակությանը դնելով ռետինե խողովակի տեղ… Կարծես, թե 1 տարեկան կուսակցությունն անպայման պետք է հաջողեր ու խորհրդարան անցներ:
Հ. Գ. Բնավ մտահոգված չեմ, ահաբեկված չեմ, հոգեվարքի մեջ չեմ Վ. Օսկանյանի կուսակցություն ստեղծելու մտադրությունից:
Հ. Գ. 2 Մարտի 1-ի թեմայով այս մարդուն հասկանալ է պետք: Հրապարակային քաղաքականության մեջ է, իր դերակատարության հարցը լղոզում է այնքան, որքան կարողանում է: Մարդու դրության մեջ մտեք, ի վերջո:
Հ. Գ. 3 Պնդումը, թե Ռ. Քոչարյանը կապ չի ունեցել ու իրեն էլ հորդորել է չանդամակցել բարգավաճին, արվում է նրան համար, որ շեֆին մաքրի տապալված պրոյեկտում մասնակցությունից:
Հ. Գ. 4 Վ. Օսկանյանի կուսակցությունն ազգային արժեհամակարգի վրա չի լինելու: Մորմոնական թելերը դա թույլ չեն տա…
Միհրան Հակոբյան