Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդհանուր առմամբ, հաջողված գնահատելով Սիրիայի տարածքում ավելի քան 5 ամիս տևած ռազմագործողության արդյունքները, հանձնարարեց պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ կազմակերպել ռուսական զորակազմի հիմնական հարվածային հատվածի դուրսբերման գործընթացն Արաբական Հանրապետությունից: Որոշման վերաբերյալ շուրջ 10 րոպե տևողությամբ հրապարակված տեսանյութում հնչած յուրաքանչյուր արտահայտություն թիրախային էր՝ ուղղված ինչպես ՌԴ հասարակությանն, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում Մոսկվայի գործընկերներին ու հակառակորդներին, ինչպես նաև՝ որոշակի սահմաններ էր գծվում հետագայում Ռուսաստանի հնարավոր քաղաքական և ռազմական մանևրների համար:

 


ՌԴ իշխանությունների նման որոշումն, ինչպես և գնահատվեց փորձագիտական հանրության կողմից, անակնկալ էր և անկանխատեսելի: Այս ողջ գործընթացի հետ կապված ամենակարևոր հարցերը, թերևս, հետևյալն են՝ ինչու՞ հենց իրավիճակային ներկա փուլում կայացվեց նման որոշում և ինչու՞ նման կտրուկ կերպով: Այս հարցերի պատասխանները գտնելու տարաբնույթ փորձերն են, որոնք վերջին օրերին հանդիսանում են համաշխարհային քաղաքական, փորձագիտական և տեղեկատվական հարթությունների առանցքը:
Սույն ակնարկում ևս փորձ է կատարվում վեր հանել վերոնշյալ հարցերի հավանական պատասխանները, որոնք, ըստ էության, գտնվում են փոխլրացնող տրամաբանական տիրույթում: Այս համատեքստում, ցանկացած վերլուծության առանցքում պետք է դրված լինի հետևյալ դրույթը՝ «Ռուսաստանի գործողությունները բացառապես սեփական շահերի և հեղինակության տիրույթում են»:
Վերոնշյալի տեսանկյունից, գործընթացի ժամանակահատվածի ընտրությունը կարելի է պայմանավորել առկա հետևյալ իրավիճակային առանձնահատկություններով՝
1. Սիրիական հակամարտության շրջանակներում ձևավորվել են որոշ դրական և աննախադեպ իրողություններ, երբ միջազգային հանրության երաշխավորմամբ ու հովանու ներքո հաստատվել և շուրջ 2 տասնօրյակ հիմնականում շարունակում է գործել հրադադարի ռեժիմ հակամարտ որոշ դերակատարների միջև, իսկ նրանց ներկայացուցիչները Ժնևում բանակցային ձևաչափում փորձելու են համաձայնության գալ՝ երկրում անցումային կառավարման մարմին ձևավորելու հարցում:

 


2. Հնարավոր է՝ բավական լուրջ և սկզբունքային տարաձայնություններ են առաջացել Ռուսաստանի և Սիրիայի իշխանական բարձրագույն ներկայացուցիչների միջև, ինչը մեծապես հնարավոր էր հատկապես ստեղծված հանգուցային իրավիճակում Մոսկվայի կողմից գործադրվող ճնշումներին կամ Սիրիայի ապագայի վերաբերյալ ռուսական տեսլականի հարցում Բաշար ալ-Ասադի գլխավորած վարչակարգի ընդդիմանալու պարագայում:
Երկրորդ իրավիճակի դեպքում, կարծես, բոլոր հարցերն ստանում են իրենց պատասխանները. նախապես Սիրիայից դուրս ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունները չխախտելու համար՝ Ռուսաստանը նպատակահարմար գտավ հենց նման եղանակով դադարեցնել իր անմիջական ռազմական ներգրավվածությունը հակամարտության շրջանակներում՝ սիրիական վարչակարգին և նրան հարող այլ ուժերին միայնակ թողնելով կարգավորման հետագա գործընթացներում:
Իրավիճակային առաջին սցենարի պարագայում, Ռուսաստանի որոշումը կարելի է հիմնավորել հետևյալ իրողություններով.
1. Ինչպես և նախապես հայտարարվել էր, սիրիական հակամարտությանը ՌԴ ռազմական միջամտությունը լինելու էր որոշակի ժամանակային սահմաններում: Հետևաբար, անհերքելի ճշմարտություն է՝ հրադադարի պայմաններում ռազմադաշտից հեռանալը ենթադրում է շատ ավելի շահեկան կարգավիճակ, քան ակտիվ պատերազմական գործողությունների ընթացքում. այսինքն՝ Ռուսաստանի նման քայլը որևէ կերպ չի կարելի դիտարկել՝ որպես պարտություն:
2. Ռուսաստանի ռազմական միջամտության արդյունքում նրա դաշնակիցը՝ սիրիական գործող վարչակարգը, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում շատ ավելի շահեկան դիրքերում է հայտնվել, քան մինչև 2015 թ. առաջին կեսի ընթացքում էր:

 


3. Ըստ էության, սիրիական հակամարտության հետ կապված Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման համաձայն, ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փաստացի սիրիացիները, անհրաժեշտ խոհեմություն և պատրաստակամություն դրսևորելու պարագայում, ինքնուրույն կարող են վճռել իրենց իսկ ապագան:
Իսկ ի՞նչ է շահում Ռուսաստանը՝ նման քայլ իրականացնելով:
1. Նախ և առաջ, որոշ իմիջային հաղթաթղթեր: Եթե հակամարտությանը ուղղակիորեն ներգրավվելով՝ պաշտոնական Մոսկվան որոշակիորեն վերադարձրեց ռազմական գերտերության իր կարգավիճակը՝ ստիպելով աշխարհաքաղաքական հակառակորդներին հաշվի նստել իր խոսքի և շահերի հետ, ապա նման եղանակով դուրս գալով հակամարտությունից՝ Ռուսաստանը դրսևորում է սկզբունքային և հակամարտությունների՝ բացառապես քաղաքական կարգավորմանը կողմնակից պետության որակներ. պատահական չէ, որ ՌԴ-ի նման որոշումը ողջունվեց աշխարհաքաղաքական և միջազգային բոլոր կենտրոնների կողմից:
2. Հենց Ժնևում բանակցությունների մենարկի օրը Սիրիայից ռազմուժը դուրս բերելու որոշմամբ ՌԴ-ը, առնվազն կարճաժամկետ հեռանկարում, խթանում է քաղաքական գործընթացը (իսկ երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել տրամագծորեն հակառակ սցենարի), նպաստում Սիրիայում ռազմական լարվածության նվազմանը: Նման կերպ, Մոսկվան նաև ապահովագրում է ինքն իրեն հակառակորդների հնարավոր սադրանքներից:
3. Իրավիճակային առումով, հրադադարի ռեժիմի սահմանումից ի վեր ռուսական օդատիեզերական ուժերը որևէ լուրջ ռազմագործողություն չէին իրականացրել Սիրիայի տարածքում և, կարծես, չէին էլ պատրաստվում նախաձեռնել. հետևաբար նման ծավալի զորակազմ պահելը սեփական սահմաններից դուրս, այն էլ առանց նպատակային նշանակության, բավական ծախսատար գործողություն է, որը նաև ավելորդ ճոխություն կարելի է դիտարկել Ռուսաստանի ներկա տնտեսական վիճակի պայմաններում:
4. Սիրիական հակամարտության շրջանակներում նման շրջադարձային որոշմամբ (գուցե ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակում կայացած պայմանավորվածության պայմաններում) Ռուսաստանը լուրջ նախադրյալներ է ստեղծում ուկրաինական ճգնաժամով և Ղրիմի հիմնախնդրով պայմանավորված տնտեսական պատժամիջոցների ռեժիմն էականորեն մեղմելու հարցում:
5. Ռազմաքաղաքական տեսանկյունից, նման քայլով ՌԴ-ի իշխանական վերնախավը փարատում է ընդդիմադիրների այն բոլոր հոռետեսական պնդումներն ու կանխատեսումները, որ Սիրիան կարող է երկրորդ Աֆղանստանի վերածվել Ռուսաստանի համար:

 


6. Ըստ էության, պապհպանում է ռազմական և ռազմավարական նշանակության լուրջ ներկայությունը Սիրիայի տարածքում, ինչպես նաև՝ արտակարգ անհրաժեշտության պարագայում՝ ռազմական միջամտությունը վերսկսելու հնարավորությունը:
Ի՞նչ է կորցնում Ռուսաստանը՝ սիրիական հակամարտության ռազմական բաղադրիչում իր մասնակցությունը դադարեցնելով:
1. Էականորեն նվազում են սիրիական հակամարտության վրա ներազդելու նախկին առարկայական լծակները:
2. Նման կարևոր ժամանակահատվածում այսպիսի քայլով Ռուսաստանը զգալիորեն իջեցնում է հարաբերությունների մակարդակը սիրիական հակամարտության շրջանակներում իր գործընկերների՝ սիրիական կառավարության, լիբանանյան Հիզբալլահի, Իրանի հետ:
3. Առկա են էական տարբերություններ ռազմական միջամտությունից առաջ պաշտոնական Մոսկվայի կողմից հռչակված ռազմավարական նպատակների, քարոզչական նպատակով հայտարարված և իրականում արձանագրված արդյունքների միջև: Մասնավորապես, ամենաառանքայինը հռչակված՝ Սիրիայի տարածքում միջազգային ահաբեկչական կառույցների դեմ պայքարի հարցում, ի տարբերություն մյուս նախանշված ռազմավարական նպատակների, նվազագույն առաջընթաց է արձանագրվել: «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կառույցների դեմ գործողությունները հարվածել են հիմնականում կառույցների ռազմավարական ենթակառուցվածքներին, իսկ դիրքային առումով իրավիճակային դրական փոփոխությունները չնչին են:

 


4. Եթե խափանվի ներկայում սահմանված հրադադրի ռեժիմը, նաև ձախողվի սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը, ապա, կասկածից վեր է, զարգացումները կտեղափոխվեն ռազմադաշտ: Այս պարագայում վստահաբար բավական մեծ դերակատարություն կստանձնեն Ռուսասստանի՝ հատկապես մերձավորարևելյան հակառակորդներ հանդիսացող Սաուդյան Արաբիան ու Թուրքիան, ինչն էլ ի վերջո կարող է հանգեցնել Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանը: Իսկ զարգացումների նման ընթացքի դեպքում հերթական անգամ լայն շրջանառում կստանա անվստահելի գործընկեր լինելու վերաբերյալ Ռուսաստանի հասցեին ոչ հազվադեպ հնչող մեղադրանքները:

 

Արմեն Պետրոսյան