Ժամանակակից զանգվածային լրատվամիջոցներում և տեղեկատվական հոսքերում ճիշտ կամ առհասարակ ինչ-որ կերպ կողմնորոշվելու համար պետք է կարդալ, օրինակ, Նիկլաս Լումանի աշխատությունները:
Նախ, ըստ նրա, պետք է կարողանալ տարբերել տեղեկությունը ոչ-տեղեկությունից: Տեղեկությունը կրկնելի չէ, և կրկնելու դեպքում դրա բովանդակությունը՝ իմաստը, փոխանցվող ինֆորմացիան, նշանակությունը, կորչում է:
Տեղեկություն – ոչ տեղեկություն կոդը մատուցվում է ինֆորմացիայի երեք հիմնական ձևերով՝ լուր, զվարճանք և գովազդ:
Լուրերի գլխավոր հատկությունը ոչ թե ճշմարտությունն է, այլ՝ հետաքրքիր, սենսացիոն, նոր լինելը: Ճշմարիտը հետաքրքրում է ԶԼՄ-ներին, բայց քիչ: Ավելի կարևոր է լուրի նոր, կոնֆլիկտային, տեղային, բարոյական կամ իրավական նորմերը խախտող, որևէ անձի հետ կապված լինելը:
Գովազին հատուկ է մանիպուլացնելը, ինչի միջոցով այն խաղում է մարդկանց գործունեության մոտիվացիայի հետ:
Զվարճանքն, ըստ Լումանի, նման է խաղին, բայց այն տարբերությամբ, որ եթե սովորական խաղի ժամանակ մարդիկ պահպանում են ընդհանուր կանոնները, ապա զվարճանքի ժամանակ ընդհանուր կանոններ չկան, այստեղ չկան նաև այլ մարդիկ: Մարդ զվարճանում է ինքն իր համար, կամ ամեն մեկը զվարճացնում է ինքն իրեն, և դրա հիմքում ընկած է ինֆորմացիան: Զվարճանքը սնվում է անսպասելի և լարված իրավիճակներով, որոնք ինքն էլ ստեղծում է:
Զվարճանքը տեղեկատվական ցանցերում և լրատվամիջոցներում կապված է արվեստի հետ, գովազդը՝ տնտեսության, իսկ լուրը՝ քաղաքական համակարգի հետ:
Դրանք բոլորը կենտրոնացած են անհատի վրա: Անհատն ահնրաժեշտ է լրատվամիջոցներին, քանի որ նրա միջոցով անընդհատ վերարտադրվում է այն միֆը, թե ԶԼՄ-ները ծառայում են մարդուն:
Մովսես Դեմիրճյան