Ե՞րբ ենք մենք վերջապես քաղաքակիրթ խորհրդարան ունենալու, որտեղ ոչ թե «արաայտղա», «դիշովկա» ու «համբալ» բառերով համեմված լեքսիկոնն է գերիշխելու, այլ նորմալ, կրթված ու դաստիարակված մարդուն հարիր բառապաշարը։

 


Արդեն մի տեսակ չեմ էլ հավատում, որ նման օր կգա, որովհետև ունենք բառիիս բուն իմաստով լեզվամտածողության խնդիր։ Այն մարդիկ, ովքեր այսօր խորհրդարանում են նստած, համենայն դեպս նրանց գերակշիռ մասն իր առօրյայում էլ է խոսում հենց ժարգոնով ու իր մտքերը ձևակերպելիս էլ մտածում է ժարգոնային կատեգորիաներով։

 


Ես չեմ ուզում սևեռվել միայն Նիկոլ Փաշինյան-Կարեն Ավագյան-Առաքել Մովսիսյան հրաշագեղ «բանավեճի» վրա։ Ի վերջո, սա ոչ առաջին այսպիսի միջադեպն էր այս գումարման խորհրդարանում, ոչ էլ 10-րդը։ Խնդիրն ավելի խորքային է։ Մեզ մոտ բացակայում է այդ կուլտուրան ու գնալով ավելի հանգիստ ենք վերաբերվում արդեն երկրի ամենաբարձր իշխանության մարմին հանդիսացող խորհրդարանում նման դրսևորումներին։

 

Արման Աբրահամյան