Մարտի 18-20-ը Գերմանիայի Շտուտգարդ քաղաքի Porsche-Arena մարզասրահում անցկացվելու է սպորտային մարմնամարզության ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը ՝աշխարհի գավաթի խաղարկությունը՝ 2016 Stuttgart World Cup-ն , որին մասնակցելու են մարզաձևի մեծ թվով հռչակավոր վարպետներ:

 


Մարզաձևի գերտերությունների շարքին դասվող Ռուսաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վալենտինա Ռադիոնենկոն արդեն հրապարակել է այն մարզիկների անուններն, ովքեր այդ պատասխանատու ստուգատեսում կպաշտպանեն Ռուսաստանի մարզական պատիվը:
Այստեղ կանանց անհատական մրցման բազմամարտի մրցաշարում մարզիչը վստահել ու մեծ պատվի է արժանացրել 16-ամյա Սեդա Թութխալյանին, իսկ տղամարդկանց բազմամարտի մրցաշարում՝26-ամյա Նիկոլյայ Կուկսենկոյին:

 


Սեդան 2014թ Նանկինի ամառային պատաեկան օլիմպիական 2-րդ խաղերի բազմամարտի չեմպիոնուհին է, 2015թ Բաքվի Եվրոպական 1-ին խաղերի չեմպիոնուհին, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ,կանանց 2015թ ՌԴ-ի առաջնության բրոնզե մեդալակիր, ՌԴ-ի գավաթի խաղարկության թիմային ոսկե, ու բազմամարտի արծաթե մեդալակրուհին է, իսկ Գլազգոյում ընթացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող աշխարհի առաջնությունում էլ մեծապես օգնեց կանանց ՌԴ-ի հավաքականին առավելագույն քանակի օլիմպիական ուղեգրեր նվաճելու գործում:
Անցած մրցաշրջանը ամենահաջողվածներից էր մոսկվաբնակ դեռատի հայ մարմնամարզուհի, սպորտային մարմնամարզության կանանց ՌԴ-ի օլիմպիական հավաքականի թեկնածու, 16-ամյա Սեդա Թութխալյանի համար: Նա գյումրեցի անվանի սամբիստ, աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է , ով ծնվել է Գյումրիում, սակայն հետո ընտանիքի հետ մեկնել ու բնակվում է ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում: Այստեղ հայուհին հնարավորություն ունեցավ կատարելագործելու իր վարպետությունն ու հասնելու մարզական խոշոր նվաճումների:
Նոր մրցաշրջանին ՝ օլիմպիական 2016թվականին հայ մարմնամարզուհին լավատեսորեն, մեծ հավատով ու հույսերով է սկսել նախապատրաստվել:

 


Ինչպես հայտնեց անվանի մարմնամարզուհու հայրիկը՝ տիտղոսակիր մարզիկ Գուրգեն Թութխալյանը, քանի որ կանանց ՌԴ-ի օլիմպիական հավաքականում ընդգրկվելու համար հիմա թեժ մրցակացություն է ծավալվում նոր տարում Սեդան փոխել է իր մարմնամարզական վարժությունների բոլոր ծրագրերը, դրանց թարմանցումով, բարդ տարրերի ու համակցությունների ընդգրկումով ջանում է հասնել կատարելիության:

 


Մասնավորապես, արդեն հայտնի է, որ Սեդա Թութխալյանը իր ազատ վարժության նոր ծրագիրը կկատարի անվանի երգահան Արա Գևորգյանի հանրահայտ <Արցախ> ստեղծագործության խրոխտ ու հոգեպարար հնչյունների ներքո, որը տաղանդաշատ մարզուհուն անկասկած մեծ ոգևորություն, վստահություն ու համարձակություն կհաղորդի և հուսանք նաև մեծ հաջողություն կբերի:Գուրգեն Թութխալյանը համոզված է, որ Արա Գևորգյանի այս հրաշալի ստեղծագործության նվագակցությունը իր դստեր ՝ Սեդայի համար հաղթաբեր կլինի, ու կօգնի նրան անպայման առավելության հասնել իր բոլոր մրցակիցների նկատմամբ:
Շտուտգարդում ելույթը նոր մրցաշրջանում Սեդայի համար միջազգային առաջին խոշոր մեկնարկը կլինի, որին կհաջորդի ապրիլի 5-9-ը Պենզայում ունենալիք ելույթն արդեն մեծահասակների ՌԴ-ի առաջնությունում:


Արամ Ուգուջյան