Իրանի նախագահ Հ. Ռուհանին հերթական անգամ փաստեց այն իրողությունը, որ կառավարությունը գտնվում է ընդդիմադիր պահպանողական թևի ուժեղ ճնշման ներքո: Նախագահն ԻԻՀ մարզիկների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած իր ելույթն ամբողջապես քաղաքականացրել է՝ նշելով, որ զարմանում է, թե ինչպես կարելի է չծափահարել 6 մրցակցի (նկատի է ունեցել «5+1» երկրներին) դեմ միաժամանակ պայքար ծավալած և հաղթանակած սեփական թիմին: Նախագահը նաև հռետորական հարց է ուղղել լսարանին առ այն, թե այդքանից հետո ինչ պիտակավորում կարելի է տալ չծափահարողին:

 


Սակայն ուշագրավն այստեղ այլ իրողություն է, այն, որ Հ. Ռուհանիի ելույթի երկրորդ մասը կառուցվել է առաջին հատվածի հակառակ տրամաբանությամբ, որտեղ նախագահը կարևորել է բազմակարծության և քննադատության բացառիկ նշանակությունը քաղաքական գործընթացներում՝ որպես յուրաքանչյուր երկրի զարգացման և առաջընթացի գրավական: Դրանով Հ. Ռուհանին հերթական անգամ զրոյացրել է իր անձի շուրջ պտտվող բոլոր այն խոսակցությունները, համաձայն որոնց՝ նրա «բարեփոխական» գաղափարները կարող են կործանարար լինել իսլամական կառավարման համակարգի համար: Մարդը, փաստորեն, ոչ այնքան բարեփոխական, որքան ուղղակի հայրենասեր է:
Զարմանալ կարելի է, թե Իրանի հոգևոր-քաղաքական վերնախավին ինչպես է հաջողվել նման ճկուն կառավարման համակարգ ստեղծել...

 

 

Ռուդիկ Յարալյան