Օրերս նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել Իսակով փողոցի վրա: Վարորդների մեծամասնությունը հենց այդ վայրում խախտում է անում, քանի որ մոտակայքում ոչ շրջադարձ կա, ոչ էլ կետագծային հատված, որտեղից կարելի է շրջվել հակառակ երթևեկելի գոտի: Տվյալ տեսանկարահանող սարքը տեղադրված է Նոյ կոնյակի գինու օղու կոմբինատի մոտակայքում՝ քաղաքապետարանին հանդիպակաց մայթեզրին: Վարորդներին չի կարելի մեղադրել խախտման համար, քանզի տվյալ ուղղությունից (քաղաքապետարանի մայթեզրին զուգահեռ երթևեկելուց) հակառակ ուղղություն (Նոյ կոնյակի գինու օղու կոմբինատի մայթեզրին զուգահեռ) շրջվելու համար վարորդը ստիպված պետք է հասնի «Կիլիկիայի» ավտոկայան, այնտեղից շրջադարձ կատարի, ինչը բավականաչափ ժամանակատար է և անհարմար, էլ չեմ ասում որ վտանգավոր է:


Անգամ Մաշտոցի պողոտայով երթևեկելիս, եթե ցանկանաք հայտնվել «Նոյ» կոնյակի գործարանի մայթեզրին չեք կարող, քանզի միայն շրջադարձ է այնտեղից թույլատրվում, ձախ երթևեկելն արգելված է: Նշված մայթեզր կարելի հասնել միայն «Հաղթանակի» կամրջով անցնելու դեպքում, այլ տարբերակ՝ օրենքի սահմաններում, չկա: Հիմա հարգելի ՃՈ-ն կբացատրի, թե ի՞նչ երթուղիյով է պետք գալ, որպեսզի հայտնվենք ասենք «Դոմ Մոսկվի»-ի մայթեզրին: Միանգամից պատասխանեմ, որ չի կարող, քանզի նրանց թեթև ձեռքով վարորդների վերջին, ընդունում եմ վտանգավոր, շրջադարձի վայրը տեսանկարահանվում է: Ստորև տեղադրված նկարում ցույց է տրված թե կոնկրետ որ մասում է տեղակայված տեսանկարահանող սարքը և որտեղից ապօրինի շրջվելու դեպքում Ձեր խախտումը կարձանագրվի:

 


Հիմա դիմում եմ ՃՈ-ին խնդրանքով, որպեսզի լուծում գտնեն այս խնդրի հետ կապված: Կառաջարկեմ նաև լուծման պրիմիտիվ տարբերակ, այն է ԳՈՆԵ Մյասնիկյան պողոտայից ձախ թեքվելու հնարավորություն ընձեռնվի:


Աշոտ Եսայան