Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դաշտը նպատակաուղղված կերպով մաքրվել է ընդիմության հավակնություն ունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերից, ինչի հետևանքով կենսունակ է գտնվել ընդամենը մեկ ուժ, որն էլ այսօր միանձնյա տոն է տալիս Հայաստանի արդեն գոյություն չունեցող քաղաքական կյանքում: Խնդիրն այն է, որ քաղաքականություն չի կարող լինել այնտեղ, որտեղ չկա մեկից ավելի խաղացող:

 

Մի խաղացողի դեպքում քաղաքական ուժերի միջև մրցակցությունը փոխակերպվում է հասարակություն-իշխանություն հակադրության, քանի որ որոշումները կայացվում են մի ուժի կողմից, ուստի պատասխանատվությունն էլ, մեղադրանքներն էլ, հետևանքներն են կրում է միայն այդ ուժը, ինչը վտանագավոր է առաջին հերթին հենց այդ ուժի' տվյալ դեպքում հանրապետականների համար: Ուստի քաղաքական դաշտում նոր խաղացողների հայտնվելը առաջին հերթին «ձեռնտու» է գործող իշխանություններին:

 

Եթե գործող իշխանությունը նպատակ ունի մնալ քաղաքական կյանքում, ապա որքան էլ տարօրինակ թվա, պետք է հնարավորություն տա նոր ուժերին դաշտ մտնելու: Նոր քաղաքական ուժեր ոնց որ թե արդեն ձևավորվում են, խաղացող դառնալու ռեալ հավակնություն նույնպես ունեն: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը ռեալ շանս է դրսևորվելու ու ակտիվ խաղացող դառնալու համար: Եթե հանրապետականները հեռատես գտնվեն, ապա «կթողնեն», որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին գոնե ինչ-ինչ համայնքներում ընդիմության հավակնություն ունեցող ուժերը հասնեն հաջողության, ոչ թե հանուն Հայաստանի, հանուն պետականության ու պաթոսային այլ նպատակների, այլ գործնականում հանուն իրենց: Հակառակ դեպքում էլ ավելի է խորանալու իշխանություն-հասարակություն գոյություն ունեցող անջրպետը, ինչը կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

 

 

Լևոն Բաբաջանյան