Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մեծապես կարևորելով Պաշտպանի ինստիտուտի դերը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:

 


Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության զարգացման ու ամրապնդման հեռանկարները, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ առկա մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ համատեղ աշխատանքների կազմակերպման հարցերում: Մասնավորապես, անդրադարձ է եղել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծված Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև աշխատանքային կապերի ստեղծմանն ու համագործակցության օպերատիվ համակարգի ներդրմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համատեղ համալիր ծրագրերի իրականացմանը:

 


Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին արդյունավետ ու կառուցողական համագործակցության ծավալման պատրաստակամության համար:

 

 

 


Զինվոր Հայրենյաց