Շաքարային դիաբետի ժամանակ բուժական սննդակարգի հիմնական սկզբունքները, որոնք ոչ միայն հեշտ իրագործելի են հիվանդի, այլև ընդունելի ու օգտակար ընտանիքի մյուս անդամների համար' այսպիսին են:
Հավասարակշռված, ռացիոնալ սննդի ապահովում, այսինքն' օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ բազմազան սննդամթերքների և սննդարար նյութերի (սպիտակուցներ, վիտամիններ, ճարպեր, ածխաջրեր և հանքային նյութեր) օգտագործում: Օրաբաժնում պետք է լինեն հացահատիկային կուլտուրաներ, բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք, միս և մսամթերք, կարագ և ձեթ, բուսական և կենդանական յուղեր:
Սննդակարգի պահպանում:
Օրվա ընթացքում պետք է սնվել 4-5 անգամ, առավոտյան անպայման նախաճաշել:
Ածխաջրերի սահմանափակում:
Բացառվում են շաքարը և շաքար պարունակող սննդամթերքը (օրինակ' ջեմերը, մուրաբաները, շաքարով պատրաստած բնական հյութերը, պաղպաղակը, թխվածքը, գազավորված գունավոր ըմպելիքները): Գերադասելի են գլիկեմիկ ցածր ինդեքսով* և բջջանյութով հարուստ սննդամթերքը և ըմպելիքները, օրինակ' բանջարեղենը, կանաչեղենը, թեփով հարստացված, ամբողջական, չկեղևազտված ցորենի ալյուրից պատրաստված մակարոնեղենը, բաց շագանակագույն (ոչ սև) չողորկված բրինձը:
Օգտագործվող կենդանական ճարպի քանակի սահմանափակում:
Մսի և թռչնամսի վրայից հեռացրեք նկատելի ճարպը, ընտրեք ցածր յուղայնությամբ միս և կաթնամթերք, կերակուր պատրաստելիս յուղն օգտագործեք չափավոր: Խորհուրդ ենք տալիս կարդալ պիտակի վրա զետեղված սննդային արժեքի վերաբերյալ տվյալները:
Սննդի պատրաստման խոհարարական կանոնների պահպանում:
Սննդամթերքն օգտագործեք խաշած կամ եփած վիճակում: Հրաժարվեք ախորժակը լավացնող համեմունքներից:
Շաբաթը 2-3 օր հայտարարեք, այսպես կոչված' բեռնաթափման օրեր (ընդունեք ցածր կալորայնությամբ սնունդ' 600-800 կկալ): Դա նպատակահարմար է այն օրերին, երբ Ձեր ամուսինը նախորդ օրը մասնակցել է ճաշկերույթի, և բեռնաթափման օրը շատ ծանր աշխատանքային օր չէ:
Ալկոհոլի օգտագործման սահմանափակում, գերադասելի է բացառում:
Այս խորհուրդներն ընդունելի են ընտանիքի բոլոր անդամների համար:
Շաքարային դիաբետի ժամանակ սնունդը կարևոր է ոչ միայն որպես բուժման, այլև մի շարք բարդությունների կանխմանը նպաստող միջոց: Ճիշտ սննդակարգի շնորհիվ արյան մեջ նվազում է գլուկոզայի, գլիկոլիզացված հեմոգլոբինի, ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը: Այս խորհուրդներով առաջնորդվելու շնորհիվ նվազում է մարմնի քաշը, պակասում բուժման ընթացքում շաքարի մակարդակն իջեցնող դեղերի չափը, ընդհուպ մինչև դրանց ընդունման դադարեցումը:
Վրեժ Հովսեփյան