Դեռ 2013 թվականի սեպտեմբերին, երբ հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է միանալ ԵԱՏՄ-ին, այդ ժամանակ ոտքի կանգնեց հոռետեսների մի ամբողջ շարասյուն, որը կուրծք էր ծեծում, որ վե՛րջ, եկել է ՀՀ-ԵՄ համագործակցության վախճանը, ԵՄ-ն այլևս երես կթեքի Հայաստանից և ըստ այդմ էլ Հայաստանը կզրկվի այն ամեն դրականից, որը ակնկալելի է Եվրամիությունից: Անցավ ժամանակ, և այդ նույն ժամանակն էլ ապացուցեց այդ հոռետեսների մտավախությունների ամբողջ սնանկությունը:

 


Հայաստանն այսօր ԵԱՏՄ լիիրավ անդամ է, բայց դրանով հանդերձ ԵՄ-ն շարունակում է զարգացնել և ավելի խորացնել ՀՀ հետ հարաբերությունները: Եվ վերջինիս վառ վկայությունն է երեկ' հունվարի 18-ին, Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստը, որտեղ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ելնելով նիստում քննարկված հարցերի բնույթից և ձեռք բերված պայմանավորվածություններից' պետք է հստակ պնդել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ընթանում են ճիշտ ուղով և իրենց մեջ մեծ հեռանկարներ են պարունակում:

 


Մանրամասնելով նիստի օրակարգը' հարկ է նշել, որ կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության եւ եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում ՀՀ-ԵՄ հարաբերությունները, մուտքի արտոնագրի պարզեցման և տնտեսական ու առևտրային համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Վերոնշյալ հարցերից բացի' նիստի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև համագործակցության քաղաքական բաղադրիչին: Տարածաշրջանային խնդիրների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության հարցերի հետ մեկտեղ բարձրացվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս առումով նիստի արդյունքները ամփոփող հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ- ն անընդունելի է համարում ստատուս քվոն, և այդ հակամարտության խաղաղ լուծումը նրա համար մնում է առաջնահերթ հարց: ԵՄ-ն նաև իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններին և հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը: Կարելի է ասել, որ սրանով ԵՄ-ն հստակ կերպով սատարեց ՀՀ դիրքորոշումը, որը մենք տարիներ շարունակ հնչեցնում ենք, և որը Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումների պատճառով անընդհատ վիժեցվում է:

 


Երեկվա նիստը բնորոշող ամենաուշագրավ փաստերից մեկն էլ այն էր, որ Հայաստանն ու Եվրամիությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց համատեղ պարտավորությունները՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր այն բնագավառներում, որոնք հնարավոր են և համատեղելի են Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումից բխող' Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների հետ:
Անշուշտ, այս մոտեցումը կարելի է համարել ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնասյուներից մեկը: Այս մոտեցումը գալիս է ապացուցելու այն տեսակետը, որ ներկայումս քաղաքականության մեջ պետք է լինել շատ ճկուն և լայնախոհ, որը և մենք տեսնում ենք ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում:

 


Դիցուք, պատկերացնենք, եթե ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո ԵՄ-ն «նեղանար» Հայաստանից ու բավականաչափ իջեցներ համագործակցության մակարդակը: Ու՞մ ձեռնտու կլիներ այդ տարբերակը: Իհարկե, ոչ մեկին, առավել ևս Եվրամիությանը, քանզի վերջինս Կովկասյան տարածաշրջանում կկորցներ իր երկարամյա գործընկերներց մեկին: Բայց, երբ Եվրամիությունը սկսեց անհատական մոտեցումներ ցուցաբերել Արևելյան գործընկերության անդամ յուրաքանչյուր երկրի նկատմամբ, իսկ Հայաստանի պարագայում էլ հաշվի առնել նրա պարտավորությունները ԵԱՏՄ-ի առջև, այս պայմաններում մնում է միայն արձանագրել, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում հաղթանակեց առողջ բանականությունը:

 

Հայոց Տուն