Օրեր առաջ հրապարակվել էր նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, որի դրույթների շուրջ քննարկումները գնալով ակտիվանում են:
Սպասվածի պես շատ են վիճահարույց կարծիքները: Ամենից շատ քննարկվող հարցերը վերաբերվում են կրկնաքվեարկությունների դեմ պայքարի մեխանիզմներին, ընտրողների ցուցակները հրապարակել - չհրապարակելուն և այլն:
Հաճախ են հնչում կարծիքներ, ըստ որի, ԸՕ նախագիծը կազմելիս հաշվի չեն առել շատ հարցեր: Խոսքը գնում է այն մասին, որ չեն հրապարակվելու քվեարկած ընտրողների ցուցակները: Հաճախ են հնչում կարծիքներ,որոնք վերաբերվում են ընտրությունների կեղծումների դեմ կիրառվող մեխանիզմներին, ընտրական ցուցակները «մաքրելուն»:

 


Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն, նոր մեխանիզմներ են առաջարկվում կրկնաքվեարկությունների կամ այլ անձանց փոխարեն քվեարկությունների դեմ:
Առաջինը, դա ընտրողների էլեկտրոնային գրանցումն է։ Յուրաքանչյուր ընտրատեղամասի համար յուրաքանչյուր ընտրողի տվյալները՝ սկսած անձնագրից և id քարտից, պետք է լինեն էլեկտրոնային սարքի վրա։ Տեղամասում հայտնվելուց հետո,ընտրողը պետք է ներկայացնի անձնագիրը կամ id-քարտը՝ քվեարկելու համար։ Փաստաթղթի հիման վրա սարքը պետք է որոշի այդ քաղաքացու կարգավիճակը՝ որպես ընտրողի։ Եթե այդ քաղաքացին այդ ընտրատեղամասի ընտրողների ցուցակում է և դրա հետ մեկտեղ քաղաքացին առաջին անգամ է ներկայացնում իր փաստաթղթերը, ապա էկրանին հայտնվում է այդ ընտրողի մասին տեղեկություն՝ կանաչ նիշով, որը նշանակում է, որ նա իրոք գրանցված է այդ տեղամասում և քվեարկում է առաջին անգամ։ Սա կարծում եմ, թույլ կտա կանխել հնարավոր կեղծումները, ինչպես իր ընտրատեղամասում երկրորդ անգամ քվեարկելու, այնպես էլ այլ ընտրատեղամասում քվեարկելու փորձը։

 


Քվեարկածների ցուցակներին ծանոթանալու մասով ևս որոշակի փոփոխություններ են արվել: Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ քվեարկածների ցուցակների հետ։ Դրանք չեն հրապարակվում, սակայն դիտորդները, վստահված անձինք, թեկնածուները իրավունք ունեն քվեարկությունից հետո ծանոթանալ այդ ցուցակներին և ինքնուրույն քաղվածքներ վերցնել։ Անգամ, եթե վերահաշվարկի պահանջ չկա, ապա շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ քվեարկածների ցուցակներին։

 


Միևնույն ժամանակ նկատենք, որ քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակելը հակասում է Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքին: Ուզում եմ հիշեցնել, որ քվեարկությունից առաջ՝ 3 օրվա ընթացքում, էլեկտրոնային տեսքով հրապարակվում են երկրի բոլոր ընտրողների ցուցակները՝ անկախ այն բանից, թե նրանք Հայաստանում են, թե ոչ։ Ցանկացած մարդ կարող է բեռնել այդ ցուցակները և ստուգել՝ կան դրանցում կրկնություններ, թե ոչ։ Այսինքն՝ բացարձակ դժվար չէ հասնել նրան, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի ցուցակում լինի միայն մեկ անգամ։
Իսկ հիմա անդրադառնանք ցուցակները մաքրելուն կամ դրանցից այն անձանց հանելուն, որոնք մշտապես կամ գերազանցապես Հայաստանում չեն ապրում: Կարծում եմ, որ քաղաքացու անունը չի կարող ընտրացուցակից հանվել, քանի որ նա քվեարկելու սահմանադրական իրավունք ունի։ Անթույլատրելի է քաղաքացուն հանել ընտրական ցուցակներից միայն այն պատճառով, որ նա երկար ժամանակ երկրում չի եղել։

 


Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ցուցակը բաժանվի երկու մասի՝ նրանք, ովքեր վերջին ժամանակներս չեն ապրել երկրում և նրանք, ովքեր մշտապես ապրում են, կարծում եմ, որ երկու ցուցակն էլ հավասար են և բաժանման գաղափարը միայն այն է, որ դիտորդները կամ վստահված անձինք ավելի շատ ուշադրություն դարձնեն նրանց ցուցակին, ովքեր վերջին ժամանակներս երկրում չեն ապրել։ Այս դեպքում ինչ տարբերություն քանի ցուցակ է, մեկ թե երկու: Չէ, որ երկու դեպքում էլ անհրաժեշտ է միայն հսկողություն:
Կարծում եմ, որ էլեկտրոնային գրանցումը չափազանց արդյունավետ մեխանիզմ է կաննխելու մի շարք խախտումներ։ Բնականաբար այս հարցի շուրջ կլինեն քննարկումներ, սակայն ամեն դեպքում սա ամենաարդյունավետ տարբերակներից է վերահսկողություն սահմանելու ընտրատեղամասներում:

 

Խաչատրյան Ժոռա