Մահացել է «Բիթլզ»-ի լեգենդար պրոդյուսեր Ջորջ Մարտինը... Հաղորդվում է, որ 90 տարեկան հասակում մահացել է Ջորջ Մարտինը' 1960-ականների աշխարհահռչակ բրիտանական «Բիթլզ» խմբի լեգենդար պրոդյուսերը: Ջորջ Մարտինը սկսել է աշխատել լիվերպուլյան երաժշտական քառյակի հետ դեռևս 1962-ից և մասնակցել խմբի բոլոր սկավառակների պատրաստման աշխատանքներին, բացի վերջինից: Նրան իրավմամբ անվանում էին «հինգերորդ բիթլ», քանի որ բացի զուտ ձայնարգման աշխատանքներից, նա միաժամանակ հանդիսանում էր նաև խմբի երգերի գործիքավորողը, երաժիշտն ու որոշ դեպքերում էլ' կոմպոզիտորը:

 

Ինչպես Ռինգո Սթարն է պատմում, խմբի անդամները իրենց երգերի նախնական տարբերակները սկզբում ներկայացնում էին Ջորջ Մարտինին, որից հետո նա կատարում էր իր որոշակի շտկումները' և դրանից հետո միայն երգը պատրաստ էր լինում թողարկման համար: Հենց Ջորջ Մարտինն էր, որ ներմուծեց սիմֆոնիկ երաժշտական գործիքների նվագակցումը «Բիթլզ»-ի երգերի ձայնագրման գործընթացում: «Շնորհակալություն քեզ, Ջորջ, քո սիրո ու անսահման բարության համար»,- գրել է Ռինգո Սթարն իր թվիթերյան էջում:

 

Ռուբեն Շուխյան