Իշխանություններին պետք է ԲՀԿ-ն, բայց ավելի թուլացած, դրա համար էլ հիմա աստիճանաբար տրոհում են այն։ Ինչ խոսք, առանց այդ տրոհման էլ ԲՀԿ-ն չի կարողանա մյուս ընտրություններին ստանալ 20+ տոկոս քվե՝ հայտնի պատճառներով, բայց եթե ես չեմ սխալվում, ապա իշխանությունները գալիք խորհրդարանը պատկերացնում են մի ֆորմատով, որտեղ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն սահմանադրական մեծամասնություն կունենան, իսկ մնացած ուժերը կլինեն ընդդիմադիր ու որպեսզի վերահսկելի լինեն՝ յուրաքանչյուրը 5-7 տոկոսից ոչ ավել կունենա։
Եթե մնացած կուսակցությունների հարցում անգամ այդ 5 տոկոս ունենալն է խնդիր, ապա ԲՀԿ-ն անգամ թուլացած վիճակում դեռ ունի բավականին պոտենցիալ ու ֆինանսական ռեսուրս, դրա համար էլ ներքին պառակտումը կուսակցության ներսում ընթանում է հենց այդ գծով․ բիզնեսմեններն ընդդեմ քաղաքական գործիչների։
Արդեն իսկ համառ ասեկոսեներ են շրջանառվում, որ կուսակցությունը լքելու է Վահան Բաբայանը, իսկ ընդհանուր լարվածության դիրիժորը Աբրահամ Մանուկյանն է։ Կուսակցությունը հավանաբար լքողների ցուցակում նաև նշվում է Միքայել Մելքումյանի անունը, դե իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ ըստ էության չի հերքել այս խոսակցությունները, դեռ մի բան էլ անուղղակիորեն հաստատել է, որ Բաբայանն իրոք պատրաստվում է լքել ԲՀԿ-ն իսկ Աբրահամ Մանուկյանը դիվերսիաներ է անում։
Կարծում եմ, մոտ օրերս ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության շարքերը իրոք կնոսրանան, ինչը էապես կհարվածի կուսակցության ֆինանսական ինքնաբավությանը՝ ավտոմատ կերպով այն դարձնելով պոտենցիալ հաճախորդ։ Սակայն մյուս կողմից էլ, համեմատած Ժառանգության, Ազատ Դեմոկրատների ու ՀԱԿ-ի հետ, ԲՀԿ-ի վիճակն այդքան օրհասական չէ, որովհետև այս երեքի պարագայում կարելի է վստահորեն ասել, որ եթե ինչ որ հրաշք չկատարվի, կամ էլ իշխանությունն ուղղակիորեն չլծվի նրանց հորհրդարան անցկացնելուն, այս ուժերը ոչ մի շանս չունեն մյուս ընտրություններում հաղթահարել անհրաժեշտ մինիմալ սանդղակը։
Գրիգոր Բարսեղյան