Ծնունդ Շնորհավոր հերոս․․․
1992 թվականի հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ ռազմական առաջադրանք կատարելիս իր մարտական ընկերներ Արմեն Երիցյանի (Երո) և Արա Ավագյանի (Արայիկ) հետ զոհվեց արցախյան պատերազմի լեգենդար հերոս ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ (Դուշման):«Ո՛չ կոմունիստ եմ, ո՛չ հնչակ ու դաշնակ, ես կռվող ու հող ազատագրողն եմ,- իր տեսակետն արտահայտել է Վարդանը։- Թող կորչե՛ն բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք խանգարում են ազգի շահերին»: Դուշման Վարդանն ապրեց ընդամենը 26 տարի, արցախյան շարժման հենց սկզբից անմիջապես ճանաչվեց և չորս տարվա մեջ դարձավ առասպելական հերոս:Հերոսությունը հենց այնպես, հանկարծ ու ակամա չի դրսևորվում, այն վաստակվում է իմացյալ մահի զգացողությամբ ավելի վաղ, նույնիսկ ծննդից առաջ, պապերից ստացածի' գենետիկականի թելադրանքով:Վարդան Ռոբերտի Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին, Երևանում: Վարդանը՝ Արմեն Երիցյանի հետ, ստեղծեց «Ասպետ» ռազմական դպրոցը, ուր կռվող տղաներն էին մարզվում: «Զենք վերցնելն ու կռիվ գնալն արդեն հերոսություն է, իսկ լավ, թե վատ զինվոր կդառնան, արդեն հրամանատարներիս գործն է»:

 


Արդեն թափ էին առնում պատերազմական գործողությունները' Երասխի, Ասկերանի, Շահումյանի մարտերը: Վարդանը տարերքի մեջ էր: Ընկերները նրան տվեցին «Դուշման» անունը և «Դուշմանը» դարձավ առասպելական: Արցախում զենքի պակաս էր զգացվում, և նա անձամբ մեկնեց Ռուսաստան' զենք հայթայթելու: Դուշմանը վստահություն էր ներշնչում, նրա հավատը, որ Շուշին շուտով կազատագրվի թուրքերից, վարակիչ էր: Դուշմանի մասին լեգենդներ են հյուսվում և մեծ արագությամբ տարածվում և՛ հայերի, և՛ թուրքերի շրջապատում, որովհետև եկել էր պահը, և հերոսական էին նրա բոլոր մտահղացումներն ու արարքները:«Հայրենիքի համար սխրանք կատարելն ու հաղթանակելու հավատն են մեր ուժի աղբյուրները»,- այսպիսի պարզաբանում է տալիս Վարդանը:
Ահա ևս մի քանի բացատրություն իր արարքների մասին. «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»:
Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից …«Եթե զոհվեմ' զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»:

 


Դուշմանը թաղվեց ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ, իսկ մինչ այդ պատգամել էր. «Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»:
Եվ ազգը սիրեց…Վարդան Ռոբերտի Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով:
Նրա մասին ֆիլմեր են նկարահանվել, գրքեր են գրվել, երգեր են երգվում, գործում է նրա անվան գրադարան-տուն թանգարանը, Շուշիի փողոցներից մեկն անվանակոչված է նրա անունով, ծնվում և մեծանում են նրա անունը կրող նոր զինվորներ, ԵՊՀ-ում կա նրա անվան լսարան, տարբեր դպրոցների ռազմագիտության սենյակներ նրա անունով են…
Դուշման Վարդանը հայ ժողովրդի սիրված և մնայուն հերոսներից է:

 

 

Սևան Աղաջանյան