Օրեր առաջ գրել էի, որ ադրբեջանական լոբբիստները նահանգային մակարդակում բավականին ակտիվ գործողություններ են իրականացնում, նպատակ ունենալով Խոջալուի դեպքերը ներկայացնել որպես «Ադրբեջանական Սերեբրենիցա»: Տեղեկացրել էի, որ մի քանի նահանգ, այդ թվում Քենտակին հակահայկական բանաձևեր էին ընդունել դեպքերի վերաբերյալ:
Հատկանշական է, որ բանաձևի տեքստում նշվում էր նաև Ռուսակա զորքերի անունը (մի դեպքում սովետական/ռուսական, մյուս դեպքում միայն ռուսական), որոնք իբր օժանդակել են հայկական կողմին: Կարելի է ենթադրել, որ հակառուսական քամիներն էլ այստեղ փչում են թուրքական լոբբինգի կողմից և ադրբեջանցիները միանձնյա չեն գործում:
Իրականում նման բանաձևերի ընդունման վտանգը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ն նախադեպային իրավունքի վրա հիմնված պետություն է և այս օրինակը կարող է այլ նահանգների համար ևս իրավական նախադեպ ծառայել:
Ունենալով սրա քաջ գիտակցումը, ԱՄՆ հայ համայնքը, Հայ Դատի արևելյան շրջանի մեր պրոֆեսիոնալ լոբբիստներն այսօր կարողացել են հասնել նրան, որ Քենտակիի օրենսդիրը չեղյալ է հայտարարել իր իսկ՝ օրեր առաջ ընդունած հակահայկական որոշումը:
Սուրեն Սարգսյան