Մեծ հավանականությամբ՝ մերօրյա խալիֆայությունը՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը, նույնպես կարժանանա դարեր առաջ գոյություն ունեցած իր նախորդների ճակատագրին. պատմագիտական եզրաբանությամբ՝ այն կփլուզվի «ներքին ապստամբություններից» և «օտար նվաճողների արշավանքներից»:

 


Բանն այն է, որ անցյալ շաբաթվա վերջին տարածաշրջանային և միջազգային մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Սիրիայում ԻՊ-ի «մայրաքաղաքը» հանդիսացող ալ-Ռակա քաղաքում ունեցած սեփական աղբյուրներին, նշում են, որ մի քանի հարյուր քաղաքացիներ, դժգոհելով ԻՊ-ի զինյալների գործելաոճից, հրաժարվել են ենթարկվել կառույցի կողմից հաստատված կարգուկանոնին, գրավել են քաղաքի մի քանի թաղամասեր և այնտեղ բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Նշվում է նաև, որ ըմբոստ քաղաքացիներին են միացել ԻՊ-ի ղեկավարության հետ խնդիրներ ունեցող կառույցի հարյուրավոր զինյալներ:
Մյուս կողմից, արդեն պաշտոնական աղբյուրների հավաստմամբ՝ դեռևս առանց ավելորդ շտապողականության ալ-Ռակայի դեմ են շարժվում հյուսիս-արևմուտքից ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող «Սիրիական ժողովրդավարական ուժեր» կոչված կոալիցիոն կառույցի՝ քրդերից, արաբներից, ասորիներից կազմված ստորաբաժանումներն, իսկ հարավ-արևմուտքից և հարավից՝ սիրիական կառավարական ուժերն ու նրանց հարող զորամիավորումները: Բացի այդ, իրաքյան իշխանությունները և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ևս պաշտոնապես հայտարարել են արդեն Իրաքում ԻՊ-ի կենտրոնը հանդիսացող Մոսուլ քաղաքի ազատագրման ռազմագործողության մեկնարկի մասին:

 


Այսպիսով, եթե սիրիական հակամարտության շրջանակներում գերտերությունների միջև նկատվող փոխգործակցության դրական միջավայրը պահպանվի, և ճգնաժամի՝ ակնկալվող քաղաքական կարգավորման հետ կապված առկա միտումները շարունակվեն, ապա մեծ հավանականությամբ ականատես կլինենք մերօրյա խալիֆայության «անկմանը». ԻՊ-ը կդադարեցնի իր գոյությունն առնվազն այն տեսքով, որն ունի ներկայում:

 

Արմեն Պետրոսյան