Օրերս պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նման բարձր մակարդակի այցն ու դրա ընթացքում արծարծված թեմաների լայն շրջանակը թույլ են տալիս պնդելու, որ այն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման վրա:

 

Այցի ընթացքում Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ քննարկված հարցերը վերաբերում էին Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանային զարգացումներին, մարտահրավերներին ու հեռանկարին:
2015թ. մայիսին Ռիգայում կայացած և ՀՀ-ԵՄ հարաբերություններում բեկումնային նշանակություն ունեցած Արևելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովից ու 2015 թ. դեկտեմբերին Բրյուսելում տրված Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկից հետո' այս այցը շատ կարևոր դեր ունեցավ ՀՀ-ԵՄ համագործակցությանը ճիշտ ուղվածություն տալու և անելիքը համակարգելու ուղղությամբ:

 


Այցի ընթացքում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգից զատ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային արդի թեմաներին, որոնց հետ Հայաստանը անմիջականորեն առնչություն է ունենում:
Այդ հարցերից մեկը Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում ստեղծված միգրացիոն ճգնաժամին և փախստականների հոսքերին առնչվող հարցերն էին։ ՀՀ իշխանությունները ԵՄ բարձր հանձնակատարին տեղեկացրեցին, որ Հայաստանը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում և այդ կերպ հույս հայտնեցին, որ ԵՄ-ն այս առումով հնարավոր օժանդակություն կարող է ցուցաբերել Հայաստանին:
Քննարկվեց նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման արդյունքում ստեղծված իրավիճակը, որը համագործակցության լայն հնարավորություններ ու հորիզոններ է բացում Հայաստանի և Եվրամիության համար:

 


Եվ ի վերջո շատ կարևոր ևս մեկ արդյունք ունեցավ այս այցը: Դա Եվրամիության դիրքորոշման արտահայտումն էր Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Մոգերինին վերահաստատեց ԵՄ անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին' եռանախագահների կողմից առաջարկված կարգավորման հայտնի մադրիդյան սկզբունքների հիման վրա և նաև հայտնեց, որ ԵՄ-ն սատարում է բանակցությունների հիմքում ընկած երեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության:
Այս ամենից կարելի է ենթադրել, որ այցը շատ հագեցած և կառուցողական բնույթ է կրել, որն էլ ցույց է տալիս, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը նոր և ավելի ամուր հիմքերի վրա է կառուցվում:

 

Հայոց Տուն