Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն անցնում է թվային հեռուստատեսության, որից օգտվելու համար պետք է ունենալ կամ թվային ընդունիչով հեռուստացույց, կամ էլ գնել թվային ընդունիչ: Քանի որ թվային ընդունիչների ձեռք բերումը իրենից ենթադրում էր հավելյալ ծախսեր, ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել անապահով ընտանիքներին տրամադրել դրանցից:
Կառավարության հերթական նիստում ընդունվել է որոշում, ըստ որի կառավարության պահուստային ֆոնդից տրանսպորտի և կապի նախարարությանն առաջին եռամսյակում կհատկացվի 412,5 մլն դրամ՝ լրացուցիչ 55 հազար հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր ձեռք բերելու և մնացած անապահով ընտանիքների տրամադրելու համար:
Հարկ է նշել նաև, որ 2015 թվականի հոկտեմբերին 365,5 մլն դրամով ձեռք է բերվել 48 733 հատ թվային հեռուստատեսային ընդունիչ սարք ու անվճար տրամադրվել անապահով ընտանիքներին: Հովիկ Աբրահամյանն էլ նշել էր, որ այդ հարցը քննարկվել է նաև ՀՀ Նախագահի հետ և հանձնարարել համապատասխան գերատեսչություններին խնդրին տալ արագ լուծում և այնպես անել, որ որևէ անապահով ընտանիք չզրկվի սարքն անվճար ստանալու հնարավորությունից:
Նարեկ Սարգսյան