Մանկապատանեկան ֆուտբոլում տարիքային տարբերությունը՝ թեկուզ մեկ տարին, հսկայական նշանակություն ունի: Վստահեցնում եմ: Ասելիքս այն է, որ այն աստիճանի թույլ մանկապատանեկան ֆուտբոլ ունենք, որ մեր Մ19 հավաքականը խոշոր հաշվով, այն էլ երկու անգամ, պարտվել է Վրաստանի Մ17 տարեկանների հավաքականին: Եւ սա այն դեպքում, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուների վստահեցմամբ, մեծ ուշադրություն է դարձվում մանկապատանեկան ֆուտբոլին:
Եզրակացությունը երկուսն է...կամ չունենք ուժեղ ֆուտբոլիստներ, կամ մարզչական գործունեություն ծավալող մասնագետները չունեն համապատասխան մակարդակը: Բայց այսքանի մեջ ամենամեծ զավեշտն այն է, որ վերը նշված երկու հավաքականների միջեւ կայացած առաջին խաղից հետո ՀՖՖ կայքում՝ իբրեւ արդարացում, գրել են, թե ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ ԱՍՊԱՐԵԶ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ 1999թ.- ԾՆՎԱԾՆԵՐԸ! Դա արդարացում չէ, քանի որ Վրաստանի հավաքականում նույնպես խաղում են 1999թ.-ի ծնվածները, ովքեր, հիշեցնեմ կրկին, երկու խաղերում էլ խոշոր հաշիվներով հաղթել են մեր Մ19 տարեկանների հավակաքանին! Ասել կուզե՝ այն հավաքականին, որի ֆուտբոլիստները երեք տարի անց արդեն լինելու են Ազգային հավաքականում, ըստ տրամաբանության:
Չնայած՝ մեր ֆուտբոլում հասարակ տրամաբանությունը վաղուց չի գործում: Ֆուտբոլի ֆեդերացիայի հարգելի գործընկերներ, ահռելի ծավալի աշխատանք ունեք տանելու! Եւ, եթե կան քննադատություններ, ապա վստահ եղեք, որ տեղին են: Գոնե այս երկրում մեկ անգամ համախմբվենք, հավաքենք նրանց, ովքեր հասկանում են ֆուտբոլից ու մտահոգված են, եւ մեր ֆուտբոլը հանենք այս ճգնաժամից! Սա քաղաքականություն չէ եւ մենք էլ տարբեր կուսակցություններ չե՛նք!
Մենուա Մեհրաբյան