Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի վարչության տվյալների՝ այս տարեսկզբին էականորեն աճել է մերձավորարևելյան գաղթականների ներհոսքը դեպի Եվրոպա՝ Թուրքիայից Հունաստան և Մաղրիբի երկրներից՝ Իտալիա հիմնական ուղիներով. միջազգային կառույցի կանխատեսումների համաձայն՝ նման միտումների շարունակականության պայմաններում Եվրամիությանը հումանիտար աղետ է սպառնում: Հատկապես իրավիճակը լուրջ է Հունաստանում, որը հանդիսանում է Թուրքիայից գաղթականների ներհոսքի առաջին հանգրվանը Եվրոպայում, և, դրանով պայմանավորված, փախստականների հարցերով վարչությունն ահազանգում է՝ եվրոպական երկրները պետք է արագացնեն միգրանտների փաստաթղթավորման և ԵՄ երկրներում տեղաբաշխման գործընթացն, այլապես իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողության սահմաններից:
Այսպես, միջազգային կառույցի հաղորդմամբ՝ 2016 թ. առաջին 2 ամիսների ընթացքում ԵՄ տարածք մուտք են գործել 131726 գաղթական, որոնց հիմնական մասը (122637)՝ Թուրքիայից՝ հունական կղզիներ: Փաստորեն, ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, նույն ժամանակահատվածում Եվրոպա է հասել ավելի շատ թվով անօրինական ներգաղթյալ, քան 2015-ի առաջին 6 ամիսների ընթացքում. այս հարցը լուրջ խմորումների և հակասությունների պատճառ է դարձել նաև հենց ԵՄ անդամ երկրների շրջանում:
Վերոնշյալի համատեքստում, կասկածից վեր է, որ սիրիական հիմնախնդրի շրջանակներում առկա իրավիճակի շարունակականության պայմաններում, մեծ հավանականությամբ, միգրանտների հոսքերն առնվազն կպահպանեն ներկա ծավալները: Դատելով հնչող արձագանքներից՝ այս խնդիրը և դրանից բխող բոլոր հետևանքները շատ քաջ գիտակցում են նաև Արևմուտքում՝ որպես դրա հանգուցալուծման կարևորագույն միջոց դիտարկելով մերձավորարևելյան հակամարտությունների կարգավորումը կամ ներգաղթյալների հոսքերի զսպումը հենց տարածաշրջանում:
Հետևաբար, եթե սիրիական հակամարտության շրջանակներում ներկայում ծավալվող գործընթացները՝ Սիրիայում հռչակված մասնակի հրադադարի ռեժիմը, «Ժնև 3» բանակցային ձևաչափը, վերջնականապես տապալվեն, ապա մեծ հավանականությամբ ականատես կլինենք անվտանգության կամ թռիչքազերծ գոտիների ստեղծման հենց Սիրիայի տարածքում՝ գուցե միաժամանակ Թուրքիային և Հորդանանին սահմանամերձ շրջաններում՝ անգամ հաշվի առնելով դրանից բխող բոլոր սպառնալիքները:
Հ.Գ. Գրառմանը կից՝ ներկայացված է շատ ուշագրավ ֆոտոշարք՝ Հունաստանում հանգրվանած ապօրինի ներգաղթյալների առօրյայի վերաբերյալ՝
Կից նյութն՝ այստեղ:
Արմեն Պետրոսյան