Երեկոյան Եվրատեսիլ երգի մրցույթի YouTube-ի պաշտոնական էջում կայացավ Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: «LoveWave» («Սիրո ալիք») ստեղծագործության երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան եւ Սթեֆանի Քրաթչֆիլդ:
Ներկա պահին «LoveWave» երգը Յութուբում ունի ավելի քան 121 255 դիտում: Եվրատեսիլ երգի մրցույթի YouTube-ի պաշտոնական էջում ներկայացված են նաև Իռլանդիայի, Մոլդովայի և Լատվիայի ներկայացուցիչների տեսահոլովակները: Սակայն. այս երեք երկրների ներկայացուցիչների հոլովակների դիտողականությունը չի անցնում 50 հազարը:
Իվետան առաջատարն է...
Իր տեսակով յուրահատուկ տեսահոլովակում գործողությունների փոխարեն ապրումներ են, ստանդարտ սյուժեի փոխարեն՝ խճճված ներաշխարհ: Տեսահոլովակում իրականացվել են մակրոնկարահանումներ, որոնք թույլ են տալիս պատկերացնելու սիրո քիմիան, որը տարածվում է ամբողջ մարմնով՝ խորհրդանշելով սիրո զարգացումն ու անկումը: Հերոսների հոգեւոր զգացումները, միացումն ու բաժանումը արտացոլված է գրաֆիկական հետաքրքիր լուծումների միջոցով:
Տեսահոլովակը Հանրային հեռուստաընկերության եւ գերմանական BLACKSHEEP Communications-ի համատեղ արտադրանք է։ Հոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է։
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլում:
Նարեկ Միրզոյան