Սարսափելու աստիճան սքանչելի Լեոն
Արդեն երկու օր է՝ ամբողջ կինոսեր աշխարհի քննարկման թեման Լեոնարդո Դի Կապրիոյի Օսկարն է: <Դարակազմիկ> այս իրադարձությանը թե՛ դերասանը, թե՛ նրա երկրպագուները շատ երկար են սպասել. 1994թ.-ից մինչ այս տարի նա 5 անգամ առաջադրվել է Օսկարի, և միայն վերջին նոմինացիան նրան դարձրեց օսկարակիր: Ու մինչ Լեոյի արվեստը գնահատողների մի մասը տոնում է այս իրադարձությունը՝ մյուս մասը գտնում է, որ Լեոն պիտի հրաժարվեր արձանիկից, քանի որ դերը, որի համար նա ստացել է այն, ոչնչով առավել չէ այն դերերից, որոնց համար <Օսկարը> Լեոյից երես էր թեքել:
Ամեն դեպքում հրաշալի է, երբ մարդը համաշխարհային հռչակ, սեր, փառք ու միլիոններ է ձեռք բերում իր երկար տարիների քրտնաջան ու ինքնամոռաց աշխատանքի արդյունքում, և նոր միայն արժանանում Օսկարի, այլ ոչ թե կարիերայի սկզբում ստացած Օսկարն է հարթում նրա հետագա ճանապարհը:
Իսկ մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լեոնարդո Դի Կապրիոյի մասին մի քանի հետաքրքիր փաստ, որոնց մասին շատ քչերը գիտեն.
1. Լեոյի մայրը իր դեռ չծնված փոքրիկի առաջին խաղը զգացել է հենց այն պահին, երբ դիտում էր Լեոնարդո Դա Վինչիի կտավներից մեկը: Նա որոշեց՝ եթե տղա ծնվի, նրան Լեոնարդո կանվանի: Եվ հետո այդ անունը շատ էր սազում այն ազգանվանը, որ երեխան պիտի կրեր: Լեոյի հոր անուն-ազգանունը Ջորջ Դի Կապրիո է:
2. Հարկ է նշել, որ իր կարիերայի ամենասկզբում այս հնչեղ անունը շատ էր խանգարում Լեոյին: Ժամանակին պրոդյուսերներից մեկը ամեն կերպ համոզում էր Լեոյին անվանափոխվել ու դառնալ Լեննի Ուիլյամս՝ խոստանալով այդ դեպքում նրա հետ համագործակցել: Սակայն Լեոն համառեց: Այժմ այս մասին հիշելիս Դի Կապրիոն ծիծաղում է ու ավելացնում,-<Իմ անվան պատճառով ես այդ պրոդյուսերից այդպես էլ դեր չստացա, ավելին՝ դեռ երկու տարի էլ ստիպված էի սպասել, մինչև հայտնվեց մի խելամիտ պրոդյուսեր, որին չխանգարեց իմ անունը>:
3. Լեոյի դերասանական կարիերան մեկնարկեց, երբ նա ընդամենը 13 տարեկան էր: Նա <Santa Barbara> սերիալում մարմնավորեց կրտսեր Մեյսոնին, իսկ ահա արդեն 19 տարեկանում ՛՛What’s Eating Gilbert Grape՛՛ ֆիլմում ունեցած դերի համար նա առաջին անգամ առաջադրվեց Օսկարի:
4. Sony ընկերությունը համաձայն չէր, որ հենց Լեոն լիներ Շերոն Սթոունի խաղընկերը 1995թ. նկարահանված The Quick and the Dead ֆիլմում: Սակայն Սթոունը անվերապահորեն հավատում էր, որ այդ դերը հենց Լեոյի համար է, ու ֆիլմի տնօրինությանը համոզելու համար նա խոստացավ հրաժարվել իր հոնորարի կեսից, միայն թե Լեոն դերի համար հաստատվի: Հետագայում Entertainment Weekly-ին տված հարցազրույցի ժամանակ Սթոունն ասում է,- < Լեոն այդ դերի մեջ այնքան սքանչելի էր, որ նույնիսկ սարսափելի էր: Ես պատրաստ էի կյանքս տալ միայն նրա համար, որ հենց նա լիներ այս ֆիլմում: Ես նույնիսկ պատրաստ էի այդ տղային մեջքիս շալակած հասցնել նկարահանման հարթակ>:
5. 90-ականների երիտասարդության համար Լեոնարդո Դի կապրիոն այդպես էլ մնաց անգերազանցելի դերասան, իսկ Titanic ֆիլմում նրա կերտած Ջեյք Դոուսոնի կերպարը առհավետ դրոշմվեց այն ժամանակվա դեռահաս աղջիկների ռոմանտիկ երազանքների մեջ: Իսկ ահա Լեոյի համար այս ֆիլմն իսկական հիասթափություն էր: Նախ՝ նա բոլորովին չէր ուզում ստանձնել այս դերն ի սկզբանե: Մինչ այս դերը Լեոն արդեն հասցրել էր խաղալ մի քանի բարդ, խառնվածքային դերեր, ուստի ռոմանտիկ սիրահարի կերպարի հետ նա չէր հարմարվում: Սակայն Ջեյմս Քեմերոնի երկար համոզումներից հետո դա տեղի ունեցավ: Այս ֆիլմի շնորհիվ Լեոն ձեռք բերեց հետագա իր ողջ կյանքի ամենանվիրված ընկերներից մեկին՝ Քեյթ Ուինսլեթին: Իսկ վերջերս Լեոն մի հարցազրույցի ժամանակ պատմեց,- <Օրերս Քեյթի ու Ջեյմսի հետ Titanic-ի 3D տարբերակն էինք դիտում: Աստված իմ, ես ու Քեյթը վերջնականապես հիասթափվեցինք ինքներս մեզանից>:
6. Մի քանի խոսք Լեոյի թերությունների մասին: Պարզվում է, հոլիվուդյան սրտակերը չունի բարձրագույն կրթություն: Նա դպրոցում ցածր առաջադիմություն ուներ, բայց փոխարենը լավ երգեհոն է նվագում: Մանկությունից մնացած մի վատ սովորություն ունի Լեոն՝ լարված պահերին նա եղունգներն է կրծում: Նա գրեթե միշտ սիրավեպ է ունենում իր խաղընկերուհիների հետ և առհասարակ, նա միշտ հոլիվուդի ամենասրտակեր կնամոլների եռյակում է:
7. Եվ այնուամենայնիվ, Լեոն անկրկնելի է: Խարիզմատիկ ու ցնդելու աստիճան տաղանդավոր, երբեմն տարօրինակ, երբեմն էլ երեխայական պարզությամբ այս կինոգիգանտը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ 50 տղամարդկանցից մեկը: Նրա հոնորարները նույնչափ տպավորիչ են, որքան որ դերասանի ֆիլմացանկը/ մեկնարկային չափը 20 մլն դոլար է/, և ինչպես ցանկացած գիտակից ու մեծահոգի մարդ, Լեոն նույնպես զբաղվում է բարեգործությամբ: Բնապահպանական խնդիրները Լեոյի վերջին տարիների մտահոգությունն են: Այդ թեմային նա անդրադարձավ նույնիսկ Օսկարի արձանիկը ստանալու կապակցությամբ իրեն տրամադրված խոսքում: Նեպալյան վագրերի փրկության համար նա 3 մլն դոլար է նվիրաբերել, նույնքան գումար էլ նվիրաբերել է Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսը գլոբալ տաքացումից փրկելու գործին:
8. Լեոն սիրում է շքեղ նվերներ անել իր ընկերներին ու հարազատ մարդկանց: Նա պարբերաբար, առանց որևէ առիթի, աստղաբաշխական արժեքներով նվերներ է գնում իր ամենամտերիմ մարդուն՝ սիրելի մորը:
Արմինե Հայրապետյան