Գիտությունը մեզանում մեռնում է: Ցավով եմ ասում, բայց այդ միտումը տևական ժամանակ է առկա: Դրա համար հազար պատճառ կա:
Այդ պատճառների մեջ հավանաբար հիմնականն այն է, որ գիտությունը ռեալ պրոդուկտի ստեղծմանը, հասարակության ու պետության պահանջարկի բավարարմանը ուղղված չէ: Այն, կարծես, իներցիոն ուժով գոյություն ունի ու նույն տրամաբանությամբ էլ շարունակում է գոյատևել: Օբյեկտիվ լինելու համար նշենք, որ պետությունն էլ իր հերթին որոշակի կամ բավարար խնդիրներ չի դնում գիտության առջև: Վերոնշյալ դիտարկումներն ավելի շուտ գիտության հումանիտար բլոկին են վերաբերում, քանզի բնագետների մոտ իրավիճակը քիչ այլ է. նրանք դեռ ունակ են ինֆորմացիոն գլոբալ հասարակության պայմաններում ներկա միջինացված չափորոշիչների ներքո որոշակի պրոդուկտ տալ, որը մրցունակ է, որը կարող է խնդիրներ լուծել, պահանջարկ վայելել:

 


Գիտությունը մեռնում է, սակայն «գիտության թեկնածուները» տարեց տարի ավելանում են: Տարեց տարի բյուջեի հաշվին տաբեր մասնագիտության մարդիկ հիմնականում հումանիտար բլոկից ընդունվում են ասպիրանտուրաներ ու իրենց հաստատված թեմաների ներքո սկսում «գիտական հետազոտություններ» անել: Մի առանձանահատկություն էլ. եթե փորձենք հասկանալ, թե այդ հետազոտություններն ինչի՞ն են ուղղված, ի՞նչ խնդիրների, ի՞նչ թերացումների, ապա կբացահայտենք, որ նրանց մի մասը նախորդ հետազոտական թեմաների հերթական կրկնությունն են, որտեղ երկու երեք բառի փոփոխությամբ փորձ է արվել «չհետազոտված, նոր» թեմա հայտնաբերել:

 


Իրականում ամեն հետազոտություն պետք է իր առջև դրված կոնկրետ խնդիր ունենա ու այն լուծելու արդյունքում հասնի ինչ-որ եզրահանգման, որով իր աշխատանքն օգտակար ու անհրաժեշտ կլինի պետության ու հասարակության ինչ-որ ոլորտի, այնտեղ առկա խնդիրների լուծման համար: Փաստացիորեն պետությունը ասպիրանտին հնարավորություն է տալիս 3 տարում խնդիրների առկա օրակարգում որոշակի հստակ լուծումներ ներկայացնել:
Եթե դուք հաշվեք, թե ՀՀ-ի պետ.կառավարման, քաղաքագիտության, միջ.հարաբերությունների, իրավագիտության ու տնտեսագիտության ոլորտներում որքան պաշտպանված ատենախոսույթուններ կան օրինակ՝ «Եվրոպական Միության» թեմատիկայով, որոնց մեծ մասը միմյանց այս կամ այն վերախմբագրված կրկնություն է, ապա իրապես կզարմանաք նրանց մեծ թվից: Ամենից վատն այն է, որ նրանց մի մասն այդ ոլորտի պրոֆեսիոնալ ներկայացուցիչների գրագետ հետազոտությունների կրկնօրինակման փորձեր են: Նմանօրինակ վիճակ է «տեղեկատվական անվտանգության», «Հայաստանի առաջին հանրապետության», «ՀՀ անվտանգության քաղաքականության», «ՀՀ դեմոկրատացման» և մասնագիտական այլ ոլորտներում: Ում՞ են պետք այդ հետազոտությունները, ի՞նչ խնդիր են նրանք լուծում, որքանո՞վ են աջակցում պետության քաղաքականության արդյունավետության բարձարցմանը, հասարակական խնդիրների լուծմանը... ինչ-որ մեկը չափե՞լ է
Այդ հետազոտությունների մեծ մասը որևէ խնդիր չեն լուծում. հիմնականում ունեն մեկ հստակ նպատակ՝ ատենախոսին «գիտական» կոչում տալ: Իրականում գործող համակարգն էլ դրան չի ընդդիմանում: Ի դեպ, դա արդեն վաղուց բավական մոդայիկ հանգամանք է, ավելին՝ որոշներն իրենց «խոստումնալից կերպարին» ու «ազդեցիկ կարգավիճակին» համապատասխան կարծում են, որ գիտական կոչում ունենալը պարտադիր հանգամանք է, ինչով են իրենք ուրիշներից վատ, պակաս:

 


Մինչդեռ իրականում գիտությունն իր առջև պետք է խնդիր ունենա առկա իրականության հետազոտությունը, հանրային կյանքի տարբեր ոլորտների հիմնահարցերի համար առավել արդյունավետ լուծման բանաձևեր առաջարկելը: Մեզ մոտ գիտությունը որևէ կերպ նման խնդիրների լուծմանը ուղղված չէ: Դիցուկ. ՀՀ-ում շատ հաճախ գիտական կոչում ունեցող տարբեր մասնագետներ մեր պետության ու հասարակության համար կարևոր իրավիճակներում քար լռություն են պահպանում, ավելին՝ նրանց մի մասը «կորում է»: Ասում եմ, բա ի՞նչ եղան ձեր հետազոտությունները, ձեր հիմնավոր գիտական մոտեցումները....

 


Հայաստանում գիտությունը քիչ է ֆինանսավորվում: Դա լավ չէ, եթե համեմատում ենք, ասենքն պետական/տեղական որոշ գերատեսչությունների ներկայացուցչական ծախսերի հետ: Սակայն մյուս կողմից միգուցե տրամաբանական է. պետք է հասկանալ, թե ֆինանսավորման ենթակա գիտության ոլորտներն ի՞նչ անհրաժեշտ պրոդուկտ կարող են տալ պետությանը. պրոդուկտ, որը կիրառելի է, որը անհրաժեշտ է...
Գիտությունը կամ ավելի շուտ գիտական կոչում ստանալն այսօր ինչ-որ առումով ասոցացվում է իրավականորեն հաստատված «ինտելեկտուալության կարգավիճակ ունենալու» հանգամանքի հետ, որի հանրայնացումը մեր հասրակական ներկա հարաբերություններում հանգեցնում է նրա կրողի ինքնագնահատականի ու հանրային դիրքավորման ամրապնդմանը:
Վերացրեք կոչումների համակարգը, տեսնենք քանի՞ հոգի «գիտությամբ» կզբաղվի

 

Ալեն Ղևոնդյան