Միշտ կարծում էի, որ մեզ բաժին հասած իշխանավորները աշխարհի ամենադաժան մարդիկ են։ Վերջերս համոզվեցի, որ դա այդպես չէ…Նույնիսկ ավելի՜ն, ինքս իմ մեջ բացահայտեցի այդպիսի մի որակ, որը չնայած հաճախ գիտակցությունս չէր շրջանցում, բայց հետևանքները անպայման ի հայտ էին գալիս այս կամ այն կերպ։ Միայն ֆեյսբուքյան իմ անձնական տարածքում մոտ հիսունից վաթսուն արգելափակման ենթարկված օգտատերերի հանդիպեցի, ովքեր իմ հասցեին թույլ էին տվել անպարկեշտ և ոչ համապատասխան արտահայտություններ։ Էլ չեմ ասում այն մարդկանց, ում ուղղակի հեռացրել էի ընկերներիս շարքից, նրանց հետ քննարկումների ժամանակ ընդհանուր կանոններից շեղվելու պատճառով։
Ինչևէ, պարզ թվաբանությունը ցույց տվեց, որ երկուստեք անհամբերություն դրսևորելը ներքին համակարգում ի հայտ է բերում «քաղաքական բանտարկյալների» մի ողջ բանակ և այդ բանակը շատ ավելին է իր թվաքանակով, քան այսօր ՀՀ տարածքում գտնվող քաղբանտարկյալները։ Դաժանությունը ամենամեծ մարդկային թերություններից մեկն է, որը իրենից վանում է մարդկանց։ Թե ինչ հանգամանքներով կարող է այն պայմանավորված լինել, իհարկե շատ քչերին է հետաքրքիր, և հիմա էլ, դա այդքան կարևոր չէ, դեռ։
Այս գրառումով բոլորովին էլ չեմ արդարացնում մեր դառը իրականության անարդարությունները, այլ առաջարկում եմ իշխանություններին մի լավ դաս տալ, սկսելով ամնիստիաների գործընթացը հենց մեզանի՛ց։
Արթուր Ալեքսանյան