Դեպքերի 8 տարի անց, երբ արդեն հատորներով հոդված ու վերլուծություն ես կարդացել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, երբ հասցրել ես 5 անգամ հիասթափվել ու վերահիասթափվել թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից և ամեն անգամ՝ նորովի, այդ ողբերգական օրվա իրադարձությունների ընկալումը մի տեսակ տրանսֆորմացվում է ու աստիճանաբար վեր է ածվում պատմագրական-ժամանակագրական թեմայի ընկալման, որտեղ գնալով ավելի մեծ դերակատարություն են ունենում փաստերն ու դրանց սուբյեկտիվ մեկնաբանությունները ու ավելի են թուլանում հիշողությունը այն էմոցիոնալ ապրումների մասին, որոնք ունեցել ես։
8 տարի առաջ ես 20 տարեկան տղա էի, ով մի քանի ամիս առաջ էր վերադարձել բանակից ու թեև այդպես էլ չկարողացավ հաղթահարել դեռ մանկուց խորը բուն դրած հակակրանքը անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի նկատմամբ, այդուհանդերձ, տեսականորեն հավատում էր, որ գուցե նրանք փոխվել են ու ուզում են ուղղել իրենց սխալները։ Այս օրը ես էլ էի Միասնիկյանի արձանի մոտ ու ինձ էլ էր համակել այն հզորագույն հուզմունքայի-էմոցիոնալ ալիքը, որը հնարավոր է ապրել միայն ամբոխի մեջ խելագարված։
Ով եղել է նման մթնոլորտում, գիտի թե ինչի մասին եմ խոսում։ Ինչ որ մի պահից, բազմահազարանոց այդ մարմինը վեր է ածվում մի օրգանիզմի, որտեղ էմոցիաներն ու ապրումները փոխանցվում են ասես էլեկտրական իմպուլսները մեր նյարդային համակարգում, որտեղ յուրաքանչյուր մասնակից ասես դառնում է այդ համակարգի նեյրոններից մեկը։
Ու հիշում եմ այսօրվա պես ամենասուր էմոցիոնալ ապրումը, որ ունեցա, ունեցանք երեկոյան կողմ, որից հետո ամեն ինչ վերածվեց քաոսի, արյան ու խայտառակության։ Հիշում եմ, թե ոնց մի պահ ամբոխը ասես տնքար․ «Լևոնը չի գալու»․․․
Էդ ժամանակ բոլորի մեջ ինչ որ բան կոտրվեց։ Ցասումը, էմոցիաները, կատաղությունը և ընդվզման անհագ ցանկությունը դեռ կային, բայց մի բան կոտրվեց ու այդ բանը ավելին էր, քան հավատն առ լիդեր, կամ էլ վստահություն առ կոնկրետ այդ բան։ Կոտրվեց հեղափոխական էյֆորիան ու հավատն առ Մեսսիա։
Ես այսօր գնահատական չեմ տա ոչ ԼՏՊ-ին, ոչ ՀՀՇ-ին, ոչ այլ քաղաքական գործիչների և ուժերի։ Ես բազմիցս վերապրել եմ այդ պահն ու այդ օրը և այսօր կարող եմ ասել, որ առավել քան վստահ եմ, որ Մարտի 1-ին բեկում մտցրեց հենց Լևոնը, այլ ոչ թե ուժային կառույցները, արտակարգ դրությունը, միջագային արձագանքը, կամ էլ աշխարհաքաղաքական ռիսկերը։
Պարզապես մի ինչ որ պահի, ամբողխը ինտուիտիվ-ենթագիտակցական մակարդակով հասկացավ, որ «Արքան մերկ է»։ Մարդիկ ասնապսելիորեն տեսան, նա, ում իրենք նույնիսկ չգիտակցելով դա, Մեսսիա էին համարում, վճռական պահին չարեց այն, ինչ ապրիորի ակնկալվում է Մեսսիայից՝ անձնազոհություն չդրսևորեց։ Ու մեռավ այդտեղ մեսսիականությունը ու մեռավ այդտեղ իմպուլսը։ Մնացածն արդեն իներցիա էր, որը տվեց այն արդյունքները, որ տվեց ու բերեց նրան, որ 8 տարի անց մենք ունենք այն, ինչ ունենք։
Կոնստանտին Տեր-Նակալյան