Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երկար խմորումներից հետո վերջապես գտավ իր նոր տիրոջը։ Հիշեցնենք, որ սկզբից այն հանվեց աճուրդի. ոչ մի գնորդ չունենալու պատճառով փոխանցվեց Պաշտպանության նախարարությանը, այնուհետ ՆՏԱԱ ինվեստմենտ գրուփին, ինչից հետո վերադարձվեց վերջինիս գոյություն չունենալու պաճառով և տրվեց պետական գույքի կառավարման վարչությանը։ Քանի որ համալիրի միայն պահպանումը տարեկան պահանջում է 261 միլիոն դրամ, համալիրը փորձեցին վաճառել List.am կայքի օգնությամբ, բայց անգամ TOP հայտարարություններում տեղադրումն ապարդյուն էր։ Ճարահատված կառավարությունը փորձեց կիրառել շենքերի մուտքերի մոտ փակցված ավանդական հայտարարությունները։ «Պատկերացրեք դա էլ չօգնեց», – պատմում է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը. «մենք կարծում էինք գոնե մեկ հատ համար պոկած կլինեն, բայց ոչ։ Մարդ որ կողքից նայի, կմտածի համալիրը ոչ մեկին պետք չի»։

 

Կառավարության որոշմամբ համալիրի նոր սեփականատեր պատահականության սկզբունքով ընտրվեց պետական բնակչության ռեգիստրում գրանցված քաղաքացիներից մեկը։ 1979թ. ծնված Զավեն Կարենի Մեսրոպյանը այժմ համալիրի նոր սեփականատերն է։ «Ուրախ ենք, որ այս հարցը վերջապես կարգավորվեց։ Սրտանց շնորհավորում ենք պարոն Մեսրոպյանին։ Մաղարիչ էլ անգամ պետք չէ», – նշեց Սահակյանը։

 

Մենք փորձեցինք կապ հաստատել երջանիկ շահողի հետ և մեզ հետ զրույցում նա խոստովանեց, որ շահումը անակնկալի բերեց թե՛ իրեն, թե՛ ողջ ընտանիքին։ «Ճիշտն ասած չգիտեմ ինչ պետք է անեմ համալիրի հետ, ես ինքս ատամնաբույժ եմ ու երբեք չեմ ունեցել համալիր»։ Պատահական ընտրված քաղաքացուն մտահոգում է տարեկան 261 միլիոն դրամ հայթհայթելու առաջացած խնդիրը. «չգիտեմ ինչ անեմ, կամ պետք է վարկ վերցնեմ, կամ մի 400–500 երիկամ վաճառեմ», – անկեղծացավ Մեսրոպյանը։

 

Երջանիկ շահողին բժիշկները նշանակել են հակադեպրեսանտներ

Երջանիկ շահողին բժիշկները նշանակել են հակադեպրեսանտներ

ArmComedy