Հայաստանը և Արցախը ևս Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չեն ճանաչել ցեղասպանություն:
Սումգայիթի ջարդեր, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է.Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ։ Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխաիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

 


Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։

 


Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։
Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական հազարից ավել սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։

 


Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։
Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել։ Մնացածներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»։ Հատուկ դիտավորությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում։ Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ։

 

ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են և նրանց մեծ մասն ազատ արձակվել։ Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել և զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել։ Դրան համարժեք քաղաքականգնահատական չտալը հանգեցրել է զանգվածային ջարդերի բռնկմանը ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Անպատիժ են մնացել նաև քաղաքային և իրավապահ համակարգի աշխատողները։ Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»։ Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։
Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանությունը, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988թ.), ԱՄՆ Սենատը (1989թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

 


Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ևս Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չեն ճանաչել ցեղասպանություն՝ բավարարվելով Ստեփանակերտում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի և Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ փոքրիկ խաչքար տեղադրելով:

 

Աշոտ Ասատրյան