Թուրքիան շուրջ 9 տարի տևած միջազգային հայտամրցույթից հրաժարվելով' որոշել է ինքնուրույն իրականացնել մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համալիրների արտադրությունը: ՀՕՊ համակարգում հենց նման համալիրների բացակայությունից է այսօր կաղում թուրքական բանակը: Բավական երկար բանակցություններից հետո թուրքական կողմը հրաժարվեց Չինաստանից դրանք գնելու և համատեղ արտադրելու ծրագրից' փոխարենն ընտրելով սեփական արտադրության տարբերակը: Այսօր Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը հայտարարել է, որ ամբողջովին տեղական միջոցներով պետք է իրականացվի դրանց արտադրությունը:

 

 

Իհարկե, ծրագիրը կարող է հաստատվել և կյանքի կոչվել: Սակայն նման համալիրների արտադրության ոլորտում թուրքական հնարավորությունները չափազանց սահմանափակ են, և դրա իրականացումը բավական երկար տարիներ կպահանջի: Դեռևս հարց է նաև, թե թուրքական արտադրության այդ համալիրներն ինչ որակ են ունենալու: Պարզ է, որ դրանք էականորեն զիջելու են ոչ միայն համաշխարհային առաջատար արտադրողների, այլ նաև այդ ոլորտում նոր քայլեր իրականացնող երկրների տարբերակներին: Չի բացառվում, որ նախագծի ընթացքում կրկին ստիպված կներգրավեն արտերկրի ընկերությունների' ծրագիրը չձախողելու համար:

 

 

Լևոն Հովսեփյան