Ռուսաստանի և Իրանի համար Ադրբեջանի հետ համագործակցությունն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև, ու առաջին հերթին, ռազմա-քաղաքական բաղադրյալներ: Առանց Բաքվի մասնակցության անհնար է պատկերացնել հյուսիս-հարավ միաձույլ ռազմավարական առանցքը, որի ստեղծումը Մոսկվան ու Թեհրանն այսօր խիստ կարևորում են: Հարցի արժեքն այնքան բարձր է, որ եթե նախագահ Ալիևը սկսի կամակորություն անել, ապա դա անձնապես իր վրա կարող է անչափ թանկ նստել: Սակայն այդ առանցքի ստեղծումն ամենևին էլ չի նսեմացնի Իրանի համար Հայաստանով դեպի Վրաստան ու Եվրոպա տանող առանձին երկաթուղու նշանակությունը՝ այն թույլ կտա իրանական կողմին առավել ազատ կերպով կազմակերպել իր բեռների արտահանումն այդ ուղղությամբ և կախված չլինել Բաքվի կամ Անկարայի քաղաքական քմահաճույքներց:
Կասպից ծովում ադրբեջանա-իրանական երկարաժամկետ նավթագազային նախագծերի արդյունավետության մասին խոսելն այժմ փոքր-ինչ ժամանակավրեպ է՝ ներկայումս ընթանում է տարածաշրջանային նոր ռազմաքաղաքական և տնտեսական միջավայրի ձևավորման ակտիվ, ուժային դրսևորումներով հագեցած նախնական փուլը, որի արդյունքներն ամենևին էլ կանխորոշված չեն: Ուստի մոտ ապագայում կարող են այնպիսի զարգացումներ տեղի ունենալ, որոնք կստիպեն արմատապես վերանայել այսօր այդքան գայթակղիչ թվացող ծրագրերը:
Արման Մելիքյան