Նորաստեղծ “Հայկական վերածնունդ” կուսակցության խորհրդի նիստում որոշվեց ոչ մի դեպքում չկազմել կոալիցիայի մաս: Որոշման վերջում նաև նշվում է, որ տվյալ որոշումը ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականը:

 

«Մենք կտրականապես դեմ ենք որևէ համագործակցության այս հանցավոր իշխանության հետ: Ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում մենք չենք դառնա այս օլիգարխիկ կառավարության մաս: Մինչև 2018 էդ ծիծիլյոն տոկոս, իսկ հետո.. էլի չէ, բայց արդեն ծիծիլյոն տոկոս չի», – նշեց Հայկական վերածնունդ կուսակցության խոսնակ Բարխուդար Բեթղեհեմյանցը /հնով' Հովհաննես Մրագարյան/:

 

Հասարակությունը մեծ ոգևորությամբ է արձագանքել ՕԵԿ-ի վերածնունդին և վստահ է, որ այս անգամ այն համը չի հանի: «Ես վստահ եմ, որ այս անգամ, այս նոր անվամբ ՕԵԿ-ը շատ ավելի շիտակ ու հետևողական կլինի», – բացատրում է հասարակությունը: «Այո, առաջ եղել են դեպքեր, որ ասել են մի բան, հետո արել են ուրիշ բան, բայց դա նախքան վերածնվելն էր: Իսկ ամեն մարդ չի, որ ռիսկ կանի գնալ այդ քայլին… գնալ և գրանցել նոր անունով կուսակցություն»:

 

Իշխանությունը իր ցավը հայտնեց, որ Վերածնունդը հրաժարվում է համագործակցել օլիգարխիկ իշխանության հետ: Իշխանության խոսնակ Իշխան Բաբյանը նշում է. «Մենք բնականաբար ամեն դեպքում չէինք պատրաստվում որևէ համագործակցություն ունենալ էդ մարդկանց հետ մինչև 2018, սակայն հաճելի կլիներ ունենալ այդ տարբերակը սեղանի վրա… Այսինքն.. դե իրենց դեպքում' սեղանի կողքը»:

 

Հայկական վերածնունդի ղեկավարությունը առավոտյան նաև հստակեցում է մտցրել 2018-ի կապակցությամբ. «Մինչև 2018-ի փետրվար չի լինի համագործակցություն: Մեր ծիծիլյոն տոկոսը մինչև այդ ամիս է վերաբերում»:

 

Armcomedy