Երբ պատգամավորն ու նախարարը, անգամ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող որոշ անհատներ ''Ճշտով'' են ապրում' ամեն մեկն իր տրամաչափով ու պատկերացմամբ թքած ունենալով օրենքի ու օրինականության և իրավական պետության գաղափարի վրա, Վարդգես Գասպարիի նման ‘’Հարիֆն’’ էլ պետք է ‘’Սխալ’’ հանվի ու պատժվի…
Ներողություն եմ խնդրում փոքր ինչ էմոցիոնալ շեշտադրումների համար, բայց մարդկայնորեն չեմ կարող թաքցնել իմ զայրույթը…
Որպես փաստաբան, որպես իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացի' իմ համերաշխությունն եմ հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Վարդգես Գասպարիի վերաբերյալ այսօր տարածած հայտարարությանը, ավելին, գտնում եմ, որ իրավասու մարմինները պարտավոր են մանրակրկիտ ուսումնասիրել Վ. Գասպարիի կողմից արված հայտարարությունները' իրեն բռնության ենթարկելու և խոշտանգելու մասին և ձեռնարկելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր գործողությունները' հնարավոր բոլոր մեղավորներին վերից վար բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Հ.Գ. Անկախ Վ. Գասպարիի քաղաքացիական դիրքորոշման և հասարակական վարքագծի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից, ինձ համար պարզապես ստորացուցիչ է, որ ՀՀ քաղաքացու արժանապատվությունն այսպես նվաստացվում է:
Եթե Վարդգես Գասպարիի ասածները համապատասխանում են իրականությանը, ուրեմն մենք իսկապես ապրում ենք խորտակված հույսերի հայրենիքում և փլուզված պետության մեջ…
…Արե՛ք, ինչ ուզում եք, բայց մարդու երեխաների առաջ մի թքեք նրա արժանապատվության վրա …
Հ.գ.2. Այս հանգամանքը իսկապես լավ առիթ է' քրեակատարողական հիմնարկներում տիրող բարքերի արմատական փոփոխության և հարաբերությունների կարգավորման շրջանակը բացառապես իրավական հարթության վրա դնելու համար…
Նորայր Նորիկյան